Ո՞վ է միշիկական Կարեն Անդրեասյանը2022-12-16 07:59:00
Մինչ Արցախն ու Հայաստանը բախվում են տառացիորեն գոյաբանական խնդիրների՝ կանգնած լինելով, ըստ էության, լայնամասշտաբ պատերազմի պռնկին, իշխանությունները շարունակում են լցնել յուրայինների գրպանները՝ հարկատուների միջոցները վերածելով գյուռ-գյուռ աշխատավարձերի:
ԱԺ արտահերթ նիստում, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի վճարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է,որ ՀՀ ԲԴԽ նախագահի աշխատավարձն այսուհետ կազմելու է մոտ 2 մլն դրամ՝ շնորհիվ 665,6 հազար դրամ լրավճարի, իսկ դատարանի անդամների աշխատավարձն ամսական կկազմի մոտ 1,5 մլն դրամ:
Այսպիսով՝ բավարարելու համար ԲԴԽ նախագահի ու մյուսների բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայմանները բյուջեից տարեկան մոտ 62մլն դրամ ավելի գումար կհատկացվի:
Հայաստանը փողի կարիք շատ ունի՝ չնայած եթե լսելու լինենք իշխանավորներին, կարող է տպավորություն ստեղծվել, թե փողն այնքան շատ է, որ դրա ձեռքն ուղղակի կրակն են ընկել, և սա՝ այն դեպքում, երբ նույն 2023-ի պետական բյուջեի դեֆիցիտը համալրելու համար Կառավարությունը արտաքին աղբյուրներից հսկայական ծավալի նոր պարտք է կուտակել:
Ասում են՝ խնդիրը ոչ թե պարտք անելն է, այլ՝ այն, թե ինպես են ներգրավված միջոցները բանեցվում: Արդյոք կոնկրետ Կարեն Անդրեասյանի աշխատավարձի բարձրացման խնդիրն այն հրատապ հա՞րցն էր, որի համար արժեր այս իրավիճակում փողեր մսխել:
Ով է Կարեն Անդրեասյանը:
Կաշի փոխող, անհավատարիմ մի ֆիգուր, որը, ինչպես կյանքն է ապացուցում, մի օր մեկի տակն է, մյուս օրը՝ մյուսի՝ կախված այն բանից, թե քամին որ ուղղությամբ կփչի: Երևի նպատակ են ունեցել՝ գնելու նրա հավատարմությունը թեկուզ հարկատուների միջոցների հաշվին, որ դադարի կաշի փոխել:
Իշխանությունը վերցնելուց ի վեր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պարբերաբար բարձրացրել ու շարունակում է բարձրացնել արդարադատության ու դատաիրավական ոլորտի աշխատողների աշխատավարձերը, նրանց շոկոլադի մեջ պահել, բայց արդյոք դրանից բարելավվո՞ւմ է աշխատակիցների աշխատանքի որակը, կամ արդյոք համակարգը չի՞ մնացել նույնը՝ հավատարիմ լինելով նախկին բարքերին, թե՞ այս ամենը երկրորդական հարցեր են, իսկ էականը հավատարմությունն է՝ իշխանություններին:
Ոչ ոք ոչ մեկի աշխատավարձի բարձրացմանը դեմ չենք, բայց երբ շուրջբոլորը խորանում է աղքատությունը, ու կյանքը դառնում անտանելի՝ գումարած անվտանգային լրջագույն մարտահարվերները, որոնց դեմ պրակտիկորեն չի արվում ոչինչ, մի տեսակ աչք է ծակում իշխանության եսասիրությունը՝ հարստանալու քաղաքացիների միջոցների հաշվին:
Այս նյութը դիտել են - 984 անգամ