Մեզ «վաճառել են», թե ինչ գնով, մենք մեր «գինը» չգիտենք
2022-12-18 20:54:00
«Միջանցք», որ արցախցիներիս համար այս օրերին կյանքի ճանապարհ է դարձել։ Հավանականություն կար օրեր առաջ, որ կբացվեր, բայց մտափոխվեցին վրանաբնակ քոչվորները...
Եթե մի ստորագրությամբ Պրահայում ճանաչվել է Արցախը Ադրբեջանի մաս, թվում է` թշնամին մեզանից ոչինչ չունի վերցնելու, երբ ամբողջությամբ Արցախը հանձնված է։ Եթե արցախցիներին կոտրելու նպատակ է հետապնդում այդ ճանապարհի փակումը, նրանք շատ լավ գիտեն, որ իրենց անօրեն ոտնձգությամբ ավելի համախմբեցին մեզ, քան եղել ենք...
Առայսօր թշնամու հետ գործարքները կատարվել են փակ դռների հետևում` առանց արցախցիների կամքը հարցնելու, մեզանից թաքուն։ Մեզ «վաճառել են», թե ինչ գնով, մենք մեր «գինը» չգիտենք։ Մեր հանքավայրերին տեր են կանգնել ոսկու հետ խաղացող աշխարհի տերերը, մենք չենք իմացել...
Շուրջբոլորը նոր զիջումների թանձր հոտն է բռնկվել, բայց ի՞նչ ունի Արցախը,, որ զիջի։ Մի մատնաչափ երկիր, երբ արդեն հանձնված է, բնական հարստության տերերն էլ ի հայտ եկան...Մեզ պատին սեղմել էր պետք, սեղմել են, մեր ոգին ուզում են կոտրել, դեռ ամուր ենք...
Անկուշտ թշնամին սովոր է վերցնել, քանի դեռ նրան մեկընդմեջ կերցնում են։ Եթե հնար լիներ, ամբողջ Հայաստանը կխժռեր, երբ ախորժակը մեծ է, բայց մարսել է պետք` մաս-մաս կուլ տալով....
Ցավոք, Արցախից հետո Սյունիք...
Երկիր հանձնող մոլագարները հանկարծ չասեն` նախկիններն արդեն հանձնել են...

Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1028 անգամ