Խուլ ու տգետ դիվանագիտության արդյունք է, որ Արցախ հանձնելով` ազատվում են Արցախից
2022-12-19 23:13:00
Քանի դեռ Ադրբեջանը տաքացնում է Եվրոպային` նորանոր համաձայնագրեր ստորագրելով, երևի թե Արցախը Հայաստանին միացնող միջանցքի բացման մասին բազմաթիվ հայտարարություններ դեռ օդում կմնան։ 
Հարևան երկրի ինքնագոհ «միապետը» անձեռնմխելի է դարձել` աշխարհի հայացքի առջև 120 հազար արցախցիների «պատանդ» վերցնելով, ընտանիքի անդամներին միմյանցից հեռացնելով, երբ ավելի քան 1100 արցախցիներ, որոնցից մոտ 270 երեխա, կտրված են իրենց հարազատներից։
Սովոր ենք եղել հեքիաթներ կարդալ` բարու հաղթանակով, հիմա չարն է որոգայթներ լարում, հայտնվել ենք չարի գործած հազարոտանի սարդոստայնում։
Օրեցօր դժվարանում է կյանքը մեր քարե պատերի ներսում, երբ քոչվոր ցեղի վրանաբնակներն են մեզ իրենց կամքը թելադրում, չնայած սա այն է, որը պիտի լիներ մի ստորագրությամբ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։
Խուլ ու տգետ դիվանագիտության արդյունք է, որ Արցախ հանձնելով` ազատվում են Արցախից։ Ականջներին օղ անեն Արցախից ազատվելու մարմաջով տարվածները, հասկանան, որ մայր Հայաստանը մեզանից անբաժան է...
Միասնական ուժ դառնանք` համայն հայության համախմբվածությամբ, երբ թշնամին այս օրերին ուզում է տեր ու տիրական դառնալ ոչ միայն «միջանցքին», այլև Արցախի պետական կառավարման համակարգին։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 931 անգամ