Հայկական ժողովրդավարության փորձությունը. ի՞նչ տվեց հեղափոխությունը
2022-12-20 09:54:00

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը դիմել է միջազգային հանրության ազդեցիկ սուբյեկտներին՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում բանեցնելու ու Արցախի շուրջ ստեղծված հակամարդկային իրավիճակը հանգուցալուծելու:
Անշուշտ, նա միակը չէ, ով այս որերին փորձում է լսելի դարձնել շրջափակման մեջ հայտնված 120000 արցախիցների ձայնը, և ընդհանուր առմամբ իշխանությունները ևս դիվանագիտական խողովակներով և այլևայլ միջոցներով փորձում են խնդրին խաղաղ հանգուցալուծում տալ՝ չտրվելու ադրբեջանական սադրանքին:
Հարց է առաջանում՝ նույնիսկ այս ծայրահեղ վատ իրավիճակում լսելի կլինի՞ Հայաստանի իշխանությունների ձայնը, կամ նույն ՄԻՊ-ի ջանքերը կպսակվե՞ն հաջողությամբ այն դեպքում, երբ հեղափոխությունից հետո իշխանությունների ողջ ջանքերը շարունակաբար ուղղված են եղել Հայաստանի նոր իմիջի կերտմանը՝ նախկինում ունեցածից միանգամայն տարբեր: Այն ժամանակ Հայաստանը համարվում էր անհամեմատ ավելի պակաս ժողովրդավար, իսկ հիմա՝ ժողովրդավարության համաշխարհային բաստիոններից մեկը:
Ճիշտ է՝ հանուն արդարության պետք է նշել, որ այդ վերջին էպիտետը ՀՀ իշխանություններն իրենք են իրենց համար մոգոնել՝ էականորեն ճոխացնելով իրականությունը, բայց նրանք հավաստիացնում էին, որ Հայաստանն իրենց օրոք աշխարհի կողմից շատ ավելի դրական լույսի ներքո է սկսել ընկալվել՝ դրանից բխող դրական հետևանքներով:
Ստեղծված իրավիճակը ոչ պակաս դաժան փորձություն է հենց Հայաստանի համար, քանի որ հենց հիմա գործնական հարթության վրա է պարզվում հարցը, թե իշխանությունների տևական քարոզչությունն առ այն, թե իբր իրենց կերտած ժողովրդավարության շնորհիվ աշխարհում բարձրացել է ՀՀ սուբյեկտայնության մակարդակն ու հեղինակությունը, որքանով է իրական, որքանով՝ հորինածին:
Մյուս կողմից՝ պետք է հաշվի անել նաև այն, որ այս ցինիկ աշխարհում հաճախ էական էլ չէ, թե այս կամ այն երկիրը որքանով է ժողովրդավար, որքանով՝ բռնապետական, ինչի ապացույցը նույն Ադրբեջան-Արևմուտք հենց հիմա ամրապնդվող, խորացող հարաբերություններն են հատկապես էներգետիկ հարթությունում: Հայաստանը, ճիշտ է, ժողովրդավարության իմաստով բնավ կատարյալ չէ, իսկ նույն մարդու իրավուքնների երաշխավորման հարցերում դեռևս շարունակում են մնալ չլուծված հիմնախնդիրներ, բայց համեմատած Ադրբեջանի հետ՝ մեր երկիրն ուղղակի դրախտ է, ինչը, սակայն, չի խանգարում, որ տեղի ունեցողի վրա աշխարհը լայն իմաստով աչք փակի կամ բավարար ճնշումներ չբանեցնի Ադրբեջանի դեմ:
Իրականությունն այն է, որ ներկայումս ստեղծված փակուղային իրավիճակի համար հիմնական մեղավորները հենց ՀՀ իշխանություններն են, որոնք վատնեցին արցախյան առաջին պատերազմում մեր ունեցած հաջողությունները՝ երկիրը կրակի բերան տալով:Եթե շրջահայաց գտնվեին ու պատերազմ չսադրեին՝ հետ կանգնելով նախնական պայմանավորվածություններից, ապա այսօր Լաչինն էլ հայկական կլիներ, Քարվաճառն էլ՝ հետը՝ 5+2 հայտնի բանաձևով:
Այս նյութը դիտել են - 738 անգամ