Արցախը հավերժ է, եթե…
2022-12-25 10:55:00
 Արցախյան իշխանությունների հրավիրած Ստեփանակերտի հանրահավաքը կայացավ՝ ապացուցելով, որ արցախցու ոգին անկոտրում է, պայքարը՝ հավերժ, ծրագրերը՝ հեռուն գնացող: Դրա ընթացքում հնչեցին, իհարկե, տարբեր ելույթներ, բայց դրանք կապող հիմնական միտքը, ուղերձը թերևս մեկն էր՝ պայքարելու պատրաստակամությունը՝ արցախցու բնատուր իրավունքների ու սեփական հողում կյանքի երաշխավորման համար:
Ընդ որում՝ այդ կոչն ուղղված չէր միայն թշնամիներին, դրա հիմնական հասցեատերը նաև անտարբեր աշխարհն էր, որի սառը հայացքի ներքո արդեն մոտ երկու շաբաթ է՝ փակ է Բերձորի միջանցքը: Ակնհայտ է, որ միայնակ արցախցիները, որքան էլ ոգով հզոր ու հայրենատեր, զուտ ֆիզիկապես ի վիճակի չեն լինելու արժանի հակահարված տալ ախշերոնյան բռնապետին, և որպեսզի արդյունավետ դառնա պայքարը, Արցախը Հայաստանի իրական աջակցության կարիքն ունի այսօր: Բայց խոսքը չի գնում միայն հայաստանյան պետական ինստիտուտների կողմից աջակցության մասին, այլ՝ նախևառաջ Հայաստանի ժողովրդի. Արցախը 88-ի համազգային ոգու կարիքն ունի,դրա ինքնաբուխ ժայթքման:
Ամենամեծ ցավն այն է, որ նախևառաջ հայաստանյան ներկայիս իշխանությունների վարած հայադավ ու անատամ, անիմաստ քաղաքականութան պատճառով հայերը մի տեսակ կորցրել են սեփական գոյության իմաստը, պայքարը դադարել է հայի ինքնության կարևորագույն մասնիկը լինել, ինչի պատճառով էլ, ի դեպ, ներկայումս առաջացել է Լաչինի միջանցքի ճգնաժամը: Ցավոք սրտի, ընդամենը մի քանի տարում հեղափոխությունն արեց այն, ինչ դարեր ի վեր չկարողացան մեզ հետ անել մեր թշնամիները: Թուրքերը սպանեցին հայերիս ոգին, իսկ հայաստանյան իշխանություններն էլ հուղարկավորեցին մեռելին այնպես, ինչպես իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում ասել էր Փաշինյանի տիկինը, որ ևս մեկ հայադավ գրառմամբ է հանդես եկել՝ այս անգամ էլ դատապարտելով արցախցիների ներկայիս պայքարը:
Հայոց տան ավերի պատճառ դարձած որջի տեղորոշման հարցի լուծումը կենսական է այսօր: Ցավոք, Արցախի ու, առհասարակ, Հայաստանի փրկության բանալին հրապարակներում չէ, որ գտնվում է, այլ՝ Երևանի կառավարական շենքերում, որտեղ հանգրվանած գործիչների ով կամ ինչ լինելն այդպես էլ մինչև վերջ բոլորիս համար անհասկանալի է մնում:
Չգիտես՝ թո՞ւրք են, թե՞ հայ:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1466 անգամ