News.yahoo.com կայքի լրագրող Աննա Շվարցը որոշել է հերթական անգամ անդրադառնալ Քիմ Քարդաշյանին եւ նրա հայկական արմատներին: Նա վերհիշել է այն բոլոր դեպքերը, երբ Քիմը ոչ միայն խոսքերով, այլեւ գործողություններով է ապացուցել իր նվիրվածությունն ու սերը Հայաստանի հանդեպ: Ներկայացնում ենք լրագրողի հոդվածն այս թեմայով.
Քիմ Քարդաշյանի կյանքի ցանկացած դրվագ հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում` սկսած նրա պահարանից, վերջացրած ապրելակերպով: Այս ամենի հետ մեկտեղ Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի աստղը չի մոռանում բարձրաձայնել իր հայկական արմատների մասին:
Time պարբերականի հետ զրույցում Քիմը նշել էր.
«Մեր հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, մեզ դաստիարակել է` պատմելով մեր արմատների մասին: Հայաստանը միշտ էլ մեր կյանքի մի մասնիկն է եղել: Մենք ուտում էինք հայկական ուտեստներ, լսում Հայաստանի մասին պատմություններ: Հայրս երբեք չի դադարել խոսել մեր արմատների մասին»:
Քարդաշյանը նաեւ պատմել է իր նախնիների պատմությունը, թե ինչպես են նրանք տեղափոխվել Միացյալ Նահանգներ, մինչեւ 1915 թվականը, երբ ավելի քան 1,5 միլիոն հայ սպանվեց Օսմանյան կայսրության դաժան քաղաքականության պատճառով: Աստղը խոստովանել է.
«Եթե նրանք փախուստի դիմած չլինեին, մենք երեւի այսօր չէինք լինի»:
2015 թ-ի ապրիլին Քիմ Քարդաշյանը ամուսնու` Քանյե Ուեսթի եւ քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ այցելեց Հայաստան` հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը; Այդ ընթացքում աստղը հանդիպեց նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Քարդաշյանը բազմիցս կոչ է արել Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը: Նա նաեւ կոչ է արել նախագահ Օբամային արտասանել «ցեղասպանություն» բառը «զանգվածային սպանություն» արտահայտության փոխարեն:
«Քարդաշյանների` Հայաստան կատարած այցը ավելի մեծ աղմուկ բարձրացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նրանց շնորհվ ինֆորմացիան ավելի մեծ տարածում ստացավ: Նրանք կոչ էին անում արդարության եւ ցեղասպանության կրկնության կանխարգելման»,-ABC News-ի հետ զրույցում նշել էր Վաշիգթոնի հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:
Արդյո՞ք Քարդաշյանը պատրաստվում է նույն հայկական ոգով դաստիարակել նաեւ իր երեխաներին: Իհարկե, նա դա կանի:
«Չնայած ես կիսով չափ եմ հայ, բայց ես մեծացել եմ իմ հայկական արմատներին այքան կապված, եւ ես ցանկանում եմ, որ իմ երեխաներն էլ անեն նույնը: Իմ նախնիներն այնքան քաջ են գտնվել` կամքի ուժ ունենալով եւ իրենց հայրենիքից տեղափոխվելով: Ես ցանկանում եմ հարգել նրանց հիշատակը` նրանց պատմությունն իմ երեխաներին փոխանցելով»,-ասել է Քարդաշյանը:
Աղբյուրը` www.news.yahoo.com
Պատրաստեց` Սյունե Առաքելյանը
Այս նյութը դիտել են - 1905 անգամ