Երևանյան մետրոյի ոդիսականը. ո՞ւր է կորել 4,5 մլն դոլարը2022-12-27 09:24:00
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է, որ չնայած մինչ այժմ ծախսվել է 1,8 մլրդ դրամ, սակայն մետրոյի նոր կայարան դեռևս չկա: «Մետրոյի նոր կայարանի շինարարարությունը նախագծման փուլում է, շինաշխատանքները դեռ չեն սկսվել։ Դրանք դեռ հեռու են սկսվելուց»,-Երևանի ավագանու նիստում երևանցիներին «աչքալուսանք» է տվել Կարգին Հայկոյից հետո քաղաքական բարձրագույն իշխանությունների հրահանգով քաղաքապետ կարգված Սարգսյանը:
Մետրոյի նոր կայարանի կառուցման թեման նոր չէ: Արդեն մի քանի անգամ ՔՊ-ն իր քարոզչական թեզերում ու խոստումներում շոշափել է այս հարցը՝ խաղալով երևանցիների հոգու նուրբ լարերի վրա ու դրա հաշվին քաղաքական դիվիդենտներ կորզելով, ինչի արդյունքում էր նաև, որ նույն Կարգին Հայկոն քաղաքապետ դարձավ, իսկ Տիգրան Ավինյանն էլ, ժամանակից շուտ սկսելով իր քարոզարշավը, հենց այս թեմայի շահարկմամբ է, որ փորձում է շահել երևանցիների սիրտը՝ հընթացս խոստանալով լուծել քաղաքային տրանսպորտի հարցը:
Բայց տվյալ պարագայում ամենամեծ հարցը ոչ այնքան չիրականացված խոստումներն են, որքան այն, թե ո՞ւր է կորել 1,8 մլրդ դրամը, որ մոտ 4,5 մլն դոլար գումար է կազմում: Հարց է առաջանում՝ եթե այդքան գումար ծախսվել է, ապա ո՞ւր է արդյունքը, մի՞թե միայն համապատասխան իդեան երկնելու արժեքն է կազմում այս գումարն այն դեպքում, երբ երկրում փողի կարիք ունեն բոլորը:
Բացառված չէ, որ այդ գումարի մեծ մասն իրականում մսխվել է, իսկ թե հատկապես ում գրպանն է հոսել այդ գումարը, դժվար է ապրիորի ինչ-որ բան պնդել, բայց անվիճելի է, որ եթե փողը կերել են, ապա դա հաստատ առանց վերադասի իմացության տեղի չի ունեցել:
Ցավալին այն է, որ Հայաստանի պատկան մարմիններն այդպես էլ չսովորեցին փողերը խնայողաբար և ըստ նպատակի ծախսելու արվեստը: Առանց այն էլ Հայաստանն աղքատ, թույլ զարգացած տնտեսությամբ երկիր է, որտեղ ամեն մի կոպեկը հաշիվ է: Եթե այս իրավիճակում մսխվում են միլիարդները, ապա հարց է առաջանում,թե ի՞նչ գումարներով են վաղն իշխանությունները կյանքի կոչելու իրենց մյուս խոստումները, որոնց համար էլ ժողովրդից քվե են ստացել՝ խոստանալով Հայաստանում արմատախիլ անել նախկինների արմատավորած բարքերը: Արդյունքում ոչ միայն ոչինչ արմատախիլ չի արվել, այլև թալանի համակարգը նոր բարձունքներ է նվաճել՝ միայն թե շաղաղված պոպուլիստական պաթոսով ու համադամ խոստումներով, որոնց մասին դրանց հեղինակները վաղուց են մոռացել՝ աղավաղելով հեղափոխության դեմքը:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1257 անգամ