Արցախցիներս շրջափակման մեջ յուրահատուկ ապրելակերպ ենք ընտրել2022-12-28 09:48:00
Այս շրջափակումը արցախցիներիս սովի չմատնեց, ոչ էլ` խուճապի, այն մեզ սովորեցրեց չափավոր լինել ամեն ասպարեզում, շրջապատում մոռանալ սեփական ես-ը, երբ բոլորս էլ նույն կարգավիճակում ենք։ Մենք սովորեցինք ճաշ պատրաստել առանց կարտոֆիլի, կամ օրերով չօգտագործել, երբ այն վաճառքում չկա։ Մենք հասկացանք, որ գյուղատնտեսական երկրում բանջարեղեն պետք է աճեցնել, որպեսզի չասենք` գազար չկա և ոչ էլ` բազուկ, իսկ առանց կաղամբի ի՞նչ բորշչ։ Մեր ճաշացուցակից կամաց-կամաց ճաշատեսակներ են դուրս գալիս, բայց ամեն ինչի նկատմամբ հաշտ ու խաղաղ ենք, ի՞նչ կա որ, պարտադիր չէ այդ մեկով էլ սնվենք։
Մեր ապուպապերը երշիկեղեն չեն օգտագործել, շատ ավելի առողջ են եղել, աշխատունակ... Ուրեմն, հոգ չէ, որ ընտրելու կարիք չկա, երբ ոչ մի տեսականի չկա խանութներում։
Այո՛, չափավոր ենք դարձել ամեն ինչում։ Աղբանոց նետելու քիչ բան ունենք, երբ խնայել գիտենք, երբ սնվել գիտենք չափավոր, երբ հասկանում ենք, որ թուղթն էլ պիտի խնայենք, թերևս սրա տեսականու մասին չգրեմ։
Մենք սովորում ենք ապրել նոր կյանքով, որը մեզ չի խեղճացնում, սա էլ մի յուրատեսակ «առողջ սնունդ, առողջ ապրելակերպ» է մեզ ուսուցանում, որը տարիք չի ճանաչում, երբ բոլորս հավասար ենք...
Չենք դժգոհում, որ հեռու կլինենք այս տարի Ամանորի ծանրաբեռնված ճոխ սեղաններից, բարձրակոչ շնորհավորանքներից, հրավառության ցնծությունից....
Արցախցիներս շրջափակման մեջ յուրահատուկ ապրելակերպ ենք ընտրել` ամեն ինչ չափի մեջ, քանի դեռ շահամոլ աշխարհը «հարևան» երկրի նավթով է հարբած։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2161 անգամ