Արցախ, մեզ ներիր, ներիր...
2022-12-28 17:54:00
Արցախ, մեզ ներիր, ներիր, որ այսքան անճար ենք ու անվստահ մեր քայլերում, որ այսքան անզոր ենք ու անօգնական, ներիր, որ մենակ ես քո հոգսերի մեջ ու այսօրվա նեղության մեջ։ Հիվանդներիդ տնքոցը չի լսում աշխարհը, հայոց երկրի տերերը։ Մանուկներիդ անժպիտ հայացքները, պատերազմ ու կորուստներ տեսած ահել ու ջահելի ցավից, ասես անտեղյակ է երկիր մոլորակը, նրան այդպես է պետք, նրան գազն է կարևոր մարդկային կյանքից։
Ու այս անտարբերների մեջ ամենագլխավոր անտարբերը, որ միայն աթոռի ու փողի կռիվ է տալիս, երկրի ղեկին, ժպիտը դեմքին, մի անճար՝ աշխարհի տերերի կողքին։ 
Ներիր մեզ Արցախ, Աստծուն էլ ամաչում ենք դիմել, երբ նրա տված ամեն հնարավորություն ու փորձ չկարողացանք պսակել հաղթանակով։
Ներիր, որ հայ ազգը հանգիստ քնում է, անդարդ, անսիրտ ու փայլող տոնածառի լույսերով ուրախացած մոռանում է,որ Արցախ կա, մանուկներ, հիվանդներ, որ հաց ու ջրի պակաս կա ու ազատության պակաս։
Իսկ ես, գուցե անզորությունից, նորից գոռալ եմ ուզում՝ ԱԶԳ, ԱՐԹՆԱՑԻՐ, ԱՅՆՏԵՂ ՄԵՐ ԱՐՑԱԽՆ Է, ՄԵՐ ՀԱՅԵՐՆ ԵՆ,ՄԵՐՈՆՔ ԵՆ։
Կարինե Գևորգյան
Այս նյութը դիտել են - 1207 անգամ