Ի՞նչ ակնկալել 2023թ.-ից2022-12-30 07:26:00
Տարեվերջին սովորաբար ընդունված է ջերմ բարեմաղթանքներ հղել միմյանց, բարեկեցություն ու առողջություն մաղթել, նորանոր ձեռքբերումներ, և այսպես շարունակ:
Հիմա էլ, իհարկե, կարելի է շարունակել ավանդույթն ու ջերմ բարեմաղթանքներ հղել միմյանց, ամենակարևորը՝ խաղաղություն մաղթել մեր երկրին, համայն հայությանն էլ՝ համբերություն ու իմաստնություն, բայց երկրի վիճակն այժմ այնպիսին է, որ շաբլոնային տեքստերը է՛լ չունեն արժեք: Պետք է հասկանալ՝ ինչպես է ավարտվում հին տարին ու ինչ է պետք ակնկալել նորից:
Անցնող 2022-ը, ցավոք, կորստաբեր էր ճիշտ այնպես, ինչպես դրան նախորդած երկու տարին:
Արցախում հումանիտար ճգնաժամ է՝ անկանխատեսելի վերջաբանով, թուրքը հասել է Ջերմուկ՝ հանգստյան գոտուց մի քանի մետր այն կողմ դիրքավորվելով, Բաքուն միջանցքից բացի 8 հայկական գյուղ է ուզում, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը դարձել է խիստ պայթյունավտանգ՝ հղի լրջագույն հետանքներով, և այս ամենի ֆոնին հանրության մի զգալի հատված, իշխանություններին պատճենելով, անհոգ քեֆ է անում՝ սեփական կենցաղային խնդիրներից ուրիշ ոչինչ չտեսնելով:
Ապագան իմանալու համար պետք է նախ հասկանալ ներկան, դասեր քաղել անցյալից ու սցենարներ մշակել գալիքի համար՝ հասկանալու, թե ինչի դեպքում ինչ է պետք անել: Ցավոք, նման մտածելակերպը հեռու է ոչ միայն հայաստանյան հանրությունից, այլև քաղաքական վերնախավից: Շատ-շատերը թիթեռի կյանքով են ապրում՝ մեկ օրվա փիլիսոփայությամբ, մի դեպքում, երբ թշնամին պլաններ է գծագրում տասնամյակների համար՝ հստակ իմանալով՝ 2023-ին ինչ է անելու, մեր գլխին ինչ ողբերգություն է բերելու և այլն: Դիցուք՝ վաղը թուրքերը հարձակվեցին Հայաստանի վրա ասենք միանգամց 6 ուղղությունով, մեկը գիտի՝ ինչպես է Հայաստանը դիմակայելու, ում է դիմելու, ինչ է անելու, գլուխը որ պատին է տալու: Բացի երկիրը պատերազմով զիջելուց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այլ պլան կամ տեսլական ունի՞, թե՞ խնդիր է դրված ուղղակի այնպես անել, որ դավաճանությունը ջրի երես դուրս չելնի, ու իշխանություններին ոչ ոք հանկարծ դավաճան չասի:
Բոլոր կանխատեսումներով 2023-ը վճռորոշ տարի է լինելու Հայաստանի պետականության ու նույնիսկ տարածաշրջանում հայ ժողովրդի գոյապահպանման իմաստով, քանի որ այն դառնալու է ոչ միայն նախորդ տարիների տրամաբանական շարունակությունը, այլև այդ եղած-չեղածի կուլմինացիայի ժամանակահատվածը. կա՛մ մեռնելու ենք, կա՛մ ապրելու:
Եվ, ուրեմն՝ մնում է միայն հուսալ, որ նրանք, ովքեր պատասխանատու են երկրի ճակատագրի համար, վերջապես խելք կհավաքեն, վերջ կտան արկածախնդրությանն ու անսխալականության բարդույթով չեն տառապի է՛լ: Համազգային գերնպատակը պետք է լինի հայոց պետականության պահպանումը, ճգնաժամային փուլի բարեհաջող հաղթահարումն ու ապագայում դրա կրկնության բացառումը:
Կա՞ն ուղիներ՝ խնդիրը լուծելու, անկակսած, բայց թե որքանով իշխանությունները ողջախոհ կգտնվեն, արդեն դժվար է ասել՝ նկատի ունենալով 2022-ի արդյունքները:
Խելք ու կորով՝ բոլորիս:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1460 անգամ