Քաղաքական դեպրեսիաների նոր ալիք՝ Հայաստանում. Վահե Ղազարյանի քննությունը
2023-01-11 11:28:00
Հայաստանում քաղաքական դեպրեսիաների նոր ալիք է կարծես բարձրանում՝ դատելով, մասնավորապես, ՀՅԴ-ականների դեմ իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումներից, երբ ՔՊ-ական Հայաստանի լավագույն ավանդույթներին համապատասխան կերպով մարդկանց անհիմն մեղադրանքներ են ներկայացվում, նրանք ձերբակալվում են, նրանց տներն են ներխուժում, խուզարկում և այլն:
Հետաքրքիր է, որ քաղաքական դեպրեսիաների այս ալիքը փաստացի համընկնում է Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծման հետ՝ սուպերնախարարություն, որը մեկ հարկի տակ է մեկտեղում, փաստորեն, ԱԻՆ-ը Ոստիկանությունը և այլն: 
Երկար ժամանակ տարբեր տեսակետներ ու ենթադրություններ էին հնչում, թե ով է լինելու Հայաստանի թիվ մեկ սուպերնախարարը, որին աներկբայորեն կվստահի Նիկոլ Փաշինյանը: Տրվում էին կոնկրետ մարդկանց անուններ՝ սկսած ՔՊ-ական պատգամավորներից մինչև քաղաքականությունից դուրս գտնվող անհատներ: Բայց Փաշինյանը որոշեց, ըստ էության, ռիսկի չգնալ ու «փորձված թանը անփորձ մածունով» չփոխարինել՝ խոշոր հաշվով թքած ունենալով համակարգի աշխատանքի իրական արդյունավետության խնդրի վրա՝ մի բան, որ չէր խանգարի հաշվի առնել՝ նկատի ունենալով հանցագործությունների թվի հսկայական աճի հանգամանքը:
Վահե Ղազարյանին սուպերնախարար դարձնելու Նիկոլ Փաշինյանի որոշումը բացատրելի է հենց քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից: Նա արդարացրել է իրեն պաշտոնավարման ողջ ընթացքում, հլու-հնազանդ ծառայել է իր մանկության ընկերոջն ու ապացուցել հավատարմությունը հատկապես ընդդիմությանը ճնշելու գործում: Ապացուցել է ու հիմա կրկին նոր հրահանգ ստացել՝ այս անգամ արդեն նոր պաշտոնում հնարավորություն ստանալով ինքնադրսևորվելու:
Իհարկե, ոստիկանությունն ընդամենը կատարող է, և ոչ ավելին, իսկ հարցն առավելապես քաղաքական դաշտում է, որ, ցավոք, շատ ավելի խորն է  դարձնում խնդիրը, քան կարող է թվալ առաջին հայացքից, բայց նույնիսկ այս հանգամանքը չի մեղմացնում ոստիկանության մեղքը՝ անխուսափելի դարձնելով ապագա պատիժը:
Այս նյութը դիտել են - 1095 անգամ