«Փոխհրաձգություն»՝ Երևանի ու Ստեփանակերտի միջև
2023-01-12 12:09:00
Հայտարարելով, որ չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար՝ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում միաժամանակ դատափետել է պաշտոնական Ստեփանակերտի ներկայիս անկոտրում դիրքորոշումը՝ կոչ անելով խուսափել իրադրությունն է՛լ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև, ըստ Փաշինյանի, վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս: 
Նիկոլ Փաշինյանի այսօրինակ հայտարարութունները պետք է համարել ավելի վաղ Արցախի ԱԽ կողմից ընդունված հայտարարության երևանյան արձագանք:
Հիշեցնենք, որ այդ հայտարարության մեջ Ստեփանակերտը պնդել էր, որ արցախցիների կամքն անկոտրում է, իսկ վճռակամությունը՝ անսասան՝ մինչև վերջ պայքարելու Արցախի համար, չդառնալու Ադրբեջանի հպատակներ:
Ի դեպ՝ ուշագրավ է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ իր հերթին էր արձագանքել Երևանի պաշտոնական դիրքորոշմանը՝ հայտարարելով, որ Փաշինյանի դիրքորոշումը բացառապես Փաշինյանինն է, այլ ոչ թե արցախցիներինը:
Արցախի ու Հայաստանի միջև անջրպետն ակնհայտորեն խորանում է, իսկ այն խորացնողի դերում հանդես է գալիս պաշտոնական Երևանը:
Ընդ որում՝ պետք է արձանագրել նաև, որ Երևան-Ստեփանակերտ անջրպետի խորացումն ինքնաբերաբար բացասաբար է ազդում նաև Երևան-Սփյուռք հարաբերությունների վրա՝ նկատի ունենալով, որ հավաքական Սփյուռքը ամբողջությամբ սատարում է Ստեփանակերտի նարատիվները՝ շատ լավ հասկանալով, որ չի կարող առանց Արցախ Հայաստան լինել, և այս իմաստով Արցախի համար պայքարը պայքար է հայության հետագա գոյության համար:
Անկասկած, պախարակելի է պաշտոնական Երևանի կեցվածքն այն իրավճակում, որ ստեղծվել է տարածաշրջանում նախևառաջ Նիկոլ Փաշինյանի պարտվողական կեցվածքի պատճառով: Այսօր այլևս փաստ է, որ անվերջ զիջումների գնով Ադրբեջանի նյարդերը հանգստացնելուն ուղղված խաղը Հայաստանը տանուլ է տվել՝ է՛լ ավելի մեծացնելով թշնամու ախորժակը՝ ճիշտ և ճիշտ հիմար կկվի մասին հայտնի հեքիաթի օրինակով:
Այս նյութը դիտել են - 929 անգամ