Դաշնակահարը
2023-01-17 09:20:00

Հայաստանում բավական հակասական արձագանքներ է գտել նախագահ Վահագն Խաչատուրյանի վարքը՝ Էստոնիայում այդ երկրի նախագահի հետ ունեցած աշխատանքային ընթրիքի ընթացքում, երբ ՀՀ նախագահը մոտեցել է սրահում դրված դաշնամուրին և նվագել՝ հիացմունք պատճառելով Էստոնիայի նախագահին:
Մասնավորապես՝ շատերը հարց են տալիս՝ դրա ժամանա՞կն էր:
Հարցն իսկապես տեղին է՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում ստեղծված ողբերգական իրավիճակը, որը, թվում է, որևէ նորմալ բարձրաստիճան պաշտոնյանի մոտ դաշնամուր նվագելու սիրտ պետք է որ չթողներ:
Հայաստանի նախագահի վարքը ներկայիս ճակատագրական փուլում բազմաթիվ անգամ արժանացել է արդարացված քննադատության, երբ այդպես էլ պարզ չի դառնում՝ Սերժ Սարգսյանի հեղինակած Սահմանադրությամբ Նախագահականում հանգրվանող անձն ով է, ինչ է շինում այդ շենքում:
Հայաստանի ողջ պետական ապարատը, իշխանությունների բոլոր ներկայացուցիչներն այս օրերին պետք է ունենան միայն մի բանուգործ՝ աշխարհի ուշադրությունն Արցախի կողմն ուղղելու, Ադրբեջանի վրա դիվանագիտական միջազգային ճնշումն ուժեղացնելու, լուրջ պետության տպավորություն թողնելու, որպեսզի Հայաստանը ծաղրի առարկա չդառնա, որպեսզի արցախցիները էթնիկ զտման զոհ չլինեն: Մինչդեռ Խաչատուրյանն իր վարքագծով փաստացի հայտարարում է, որ խորապես թքած ունի Հայաստանի ու Արցախի շուրջ կատարվողի վրա ու եթե վաղը պետք լինի, պատրաստ է նվագել հայ ժողովրդի հրաժեշտի ռեքվիեմը՝ նրան պատմության թատերաբեմից վայր գցելու:
Այս նյութը դիտել են - 731 անգամ