Ծերուկ Վովայի ժառանգությունը. ի՞նչ ես հետդ տանելու
2023-01-18 17:57:00
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել մի տեսագրություն, որում երևում է, թե ինչպես են Չարենցավանի ոստիկանության բաժնում ոստիկանների կողմից ծեծված քաղաքացուն քարշ տալով ներկայացնում դատարան, որի ընթացքում նա ցավերից գոռում է՝ ասելով, որ ի վիճակի չէ տեղաշարժվել:
Այս քաղաքացուն կարելի է համարել վերջին տասնամյակի հայաստանյան ոստիկանության իրական դեմքն ի ցույց դնողն ու դրա ներսում ցայսօր էլ տիրող խայտառակ բարքերի գոյության գործնական ապացույցը:
Արդեն նույնիսկ սեփական բաճկոնը ինքնուրույնաբար հագնել չկարողացող ծերուկ Վովայի թողած ժառանգությունն իսկապես հավերաժական է կարծես. դեմքերը փոխվում են, բայց ոստիկանության ներսում իշխող անմարդկային բարքերը հումանիստական չեն դառնում:
Պատճառը, իհարկե, հայաստանյան ոստիկանության պահպանողականությունն է՝ վերաբերող ամեն վատին, անհանդուրժելիին:
Վովան ժամանակին այնպես է համակարգի հերն անիծել, ոստիկաններին սարքել մարդակեր, որ նույնիսկ հեղափոխությունն ի վիճակի չեղավ՝ արատավոր բարքերի վերջը տալու, երկրում իսկապես նոր ոստիկանություն ձևավորելու, ու չնայած Հայաստանում այլևս գործում է Ներքին գործերի սուպեր նախարարությունը՝ իր սուպեր նախարարով, բայց համակարգը դրանով ամենևին սուպեր չի դառնում, ինչը, իհարկե, խայտառակություն է նախևառաջ քաղաքական իշխանությունների համար, որոնք երկրում հեղափոխությամբ իշխանության գալիս խոստանում էին տրամագծորեն այլ Հայաստան՝ վովայիզմին բնորոշ արատներից զերծ:
Բայց Վովան, ինչպես երևում է, անմահ է թեկուզ և արդեն հիվանդ ու ծեր: Վաղը գուցե և մեռնի Վովան՝ միանալով հազար տարվա մեռելներին, բայց նույնիսկ այդ դեպքում ոստիկանության տխրահռչակ բարքերը կմնան, չեն կնքի իրենց մահկանացուն, քանի որ քաղաքական վերնախավի մոտ չկա ցանկություն՝ Հայաստանն իսկապես նորացնելու:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 894 անգամ