Հեռուստասերիալներում լեզվական աղավաղումնե՞ր, թե՞ մեր խոսակցությանը համահունչ արտահայտություններ ...
2016-02-21 12:26:00

 Այս թեմայի շուրջ մի օր  աշակերտներին առաջարկեցի կարծիքներ հայտնել: Եղան տարաձայնություններ, բայց մեծ էր նաև անակնկալը, երբ այսպես արտահայտվողը համեստ աշակերտուհի էր. «Դպրոցում որքան էլ գրական լեզուն պարտադիր լինի, որպես  այս  հասարակության   անդամ   և  հեռուստադիտող,  իմ  ականջները  կամաց-կամաց  սովորում են «Էս  ի՞նչ  ցենտր  շոր  ես  հագել»  արտահայտությանը: Նույնքան  հարազատ են դարձել նաև «Էրեխե´ք, գնանք մի քիչ տժժանք, ի՞նչ եք թթվել» կամ «Չգնա՞նք մի քիչ լռվենք»  արտահայտությունները,  չէ՞ որ  այդ  նույն  ժարգոնով  են խոսում նաև մեր  շրջապատում  շատ-շատերը,  նույնիսկ՝  որոշ  հեռուստասերիալների   տարբեր  հերոսներ»:
Դպրոցում գրական լեզվի անաղարտության համար մաքառող ուսուցիչներս անելանելի վիճակում ենք հայտնվում: Հանրության մեծամասնության համար ախորժելի է հնչում շրջապատի և հեռուստասերիալների (խոսքը բոլորի մասին չէ) կերպարային լեզուն, նույնիսկ այսօրվա դպրոցականը փորձում է նմանվել այս կամ այն հերոսին՝ վերջինիս խոսակցական արտահայտություններով.
Իմ ախմախ սանիկներին տեսե´ք: Ջհանդամը, թե տանում են: Չենք զռռում: Էլ զահլես չտանես: Շան թուլա, հերդ եմ անիծել: Մեր լակոտները էդտե՞ղ են: Հորդ քյալլեն, բա որ ասու՞մ էի: Էս փչացածի պատճառով մեր տունը քանդվեց:
Այսպիսի բառերը հանրորեն կոպիտ, գռեհիկ ճանաչված արտահայտություններ են, որոնք սովորաբար հասարակության մեջ հատկապես անկիրթ մարդկանց կողմից են հնչում:
Ղարաբաղցու համար էլ իր բարբառը, որ մի ուրույն երաժշտություն ունի` համ ու հոտով, մեղեդայնությամբ, գրավում է բոլորին որպես ժողովրդական ստեղծագործություն: Այն գրական լեզվի հզոր ակունքներից է: Բայց գրական լեզվի մեջ տեղ չունեն հայերենի բառապաշարի որոշ շերտեր, այդ թվում նաև բարբառները: Այսինքն, գեղարվեստական խոսքում գրական լեզվով չխոսող անձանց կերպավորելու և անհատականացնելու նպատակով են օգտագործվում բարբառային բառերն ու արտահայտությունները, որոնք, ցավոք, երբեմն հանդիպում ենք նույնիսկ լուրջ սյուժեներով հագեցած որոշ հեռուստասերիալների ճանաչված և հայտնի դերասանների խոսքում, անկախ նրանից` նա գրական լեզվին է տիրապետու՞մ, թե՞ որևէ բարբառի:
Էրեխես չեկավ: Սենց չի լինի, ախպե´ր: Եքա մարդիկ են դարձել: Ինադու եմ թողել նրան մենակ:

Չափազանց շատ են նաև քերականական անճշտությունները, հատկապես բայի խոնարհման հետ կապված աղավաղումները: Խոսքն այստեղ հումորային կերպարների մասին չէ:
Չկատաղացնաս ինձ (չկատաղեցնես): Դու մի´ խոսա (մի´ խոսիր): Պա´պ ջան, չլսա՞ր (չլսեցի՞ր): Տղերքին զգուշացրա՛(զգուշացրու´):
Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մայր Հայաստանի սրտում ապրող և խոսող որոշ հերոսների մոտ է առօրյա-խոսակցական ոճը: Հետաքրքիր է, այդ ու՞մ են կերպավորում կամ ո՞ր բնակավայրի բարբառային խոսակցությունն է անհատականացվում նույն հարկի տակ ապրող հերոսների` հայերենի տարբեր խոսակցություններով:
Տղու համար եմ ասում (տղայի): Արագի մեջ էրեխու թղթերը դասավորում ես (արագ, երեխայի): Ես տունն եմ (տանն եմ): Դու ինձ մահու չափ վախեցրիր (մահվան): Քավորն ինձ ընդեղ մենակ չէր թողնի (այնտեղ): Արի ստեղ (այստեղ): Չեմ կարա նստեմ (չեմ կարող): Էդ հարցնա, որ ինձ տանջումա (հարցն է, տանջում է): Ազատ ըլնեմ, կմտնեմ (լինեմ): Բալե´ս, ես քեզ համար միշտ էլ ժամանակ ունեմ (բալաս): Տղես չեկավ (տղաս): Մինչև մամայի ոտի հելնելը ... (ելնելը): Հնարավոր է ինչ-որ բանով պետք ըլեմ (լինեմ):

 Չնայած փորձում եմ մի կողմից արդարացնել այդպիսի խոսակցական արտահայտությունները, որ գուցե արևելահայ գրական լեզվի համար հիմք է ծառայել  Արարատյան բարբառը և հատկապես Երևանի խոսվածքը, և ա՞յդ պատճառով են այդպես արտահայտվում: Արդյո՞ք արցախցու համար էլ սովորական չեն այդպիսի բառերի գործածությունները, չէ՞ որ նա էլ իր բարբառին ամուր կառչած է, ինչպես իր արմատներին: Բայց  նորից  գալիս  եմ  այն  համոզման, որ եթե խոսքը վերաբերում է  մեր և´ լեզվի, և´ մտքերի ու զգացմունքների գեղեցկությանը, ապա  պայքարենք լեզվական խաթարումների դեմ: Կարծում եմ կարիք չկա  փնտրել, թե խոսքս  որ մի սերիալի մասին է` այս օրերին ցուցադրվո՞ղ, թե՞  արդեն մի քանի անգամ նախկինում ցուցադրված, փաստն այն է, որ այս մեջբերումները, նույնիսկ ավելին,    գրի  եմ առել`  ընդամենը մի քանի սերիաներ  նայելով:   Ըմբռնումով մոտենանք իրողությանը. լեզվական անկարգությունն ամենուր  է, չմոռանանք, որ լեզուն աղավաղում են ոչ միայն օտարամուտ, այլ նաև  մայրենի  լեզվի  բառերը, երբ դրանք ձևախեղման են  ենթարկվում: Որքան էլ ախորժալուր հնչեն գրական հայերենից շեղված բառերն ու արտահայտությունները,  միևնույն է. <>: (Լ. Կասիլ)

Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Այս նյութը դիտել են - 2354 անգամ