Ինչո՞ւ է Փաշինյանի ընտրությունը կանգնել հենց «ջակի-ջուկի» Կոստանյանի վրա
2023-01-27 09:21:00
Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ԱԳ փոխնախարար նշանակելու մի քանի տարի առաջ Շուշիի մասին սկանդալային գրառման հեղինակ Վահան Կոստանյանին, որ հանրության շրջանում գլխավորապես տպավորվել է 2017-ին բանակ չծառայելու համար կազմակերպած ակցիայի ու հեղափոխությունից ի վեր չգիտես որ արժանիքների համար տարբեր բարձր պաշտոնների նշանակվելու շնորհիվ վրդովեցրել է շատերին:
Բազմաթիվ մարդիկ հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ է Փաշինյանի ընտրությունը կանգնել հենց «ջակի-ջուկի» Կոստանյանի վրա մի շրջանում, երբ հայ դիվանագիտության առաջ ծառացած մարտահրավերներն ուղղակի հսկայական են,երբ շատ մեծ ջանքեր է պետք ներդնել՝ ստեղծված իրավիճակում մեզ համար տարբեր ճակատներում ցանկալի արդյունք գրանցելու համար:
Հայաստանում փորձառու դիվանագետների պակասը երբեք սուր արտահայտված չի եղել, բայց բավական էր, որ 2018-ին տեղի ունենային հայտնի իրադարձությունները, որ ԱԳՆ-ի սթաֆի փորձառու հատվածը հետզհետե զտվեր-հեռանար:Ոմանք իրենց կամքով են դիմում գրել ու գնացել, ոմանց էլ ուղղակի ստիպել են կաբինետն ազատել, քանզի «նոր Հայաստանին» պետք էր նոր արտգործնախարարություն, իսկ հին կադրերը, ըստ Հայաստանը «նորացնողների», չէին կարող սպասարկել հեղափոխության օրակարգը:
Թե ինչ եղավ արդյունքում, գիտենք բոլորս, իսկ թե ինչ կլինի հետո, պարզ կդառնա ոչ հեռու ապագայում:
Բացառված չէ, որ Կոստանյանի նշանակումը ԱԳՆ-ում նոր կադրային ջարդի մեկնարկի սկիզբ դառնա՝ այն ձերբազատելու նախկինների ժամանակներից համակարգում աշխատողներից, համակարգը լցնելու բացառապես անփորձ ջահելներով:
Օրինակ՝ նույն Կոստանյանն ընդամենը 28 տարեկան է, բայց արդեն փոխնախարար է, իսկ եթե շեֆը ջահել է, ենթակաների համար «դեղնակտուց» լինելը չի կարող փութ համարվել: Ակնհայտ է, որ գործ ունենք յուրատեսակ դավադրության հետ, որի բուն նպատակը Հայաստանի դիվանագիության վերջը տալն է:
Իրավիճակը բավական գրոտեսկային է Հայաստանում: Չկա մի ոլորտ, որտեղ ըստ արժանվույն գնահատվի պրոֆեսիոնալիզմը, չկա մի ոլորտ, որի ղեկավարի ընտրության հարցում չգործի քաղաքական նպատակահարմարության կործանարար սկզբունքը: Իհարկե, այնպես չէ, որ նախկին իշխանությունների օրոք կադրային քաղաքականությունը հիասքանչ էր ու անթերի, բայց այն, ինչ կատարվում է հիմա, իսկապես անգերզանցելի է իր մասշտաբներով:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 2301 անգամ