Այսօր` հունվարի 31֊ին, ՄԱԿ֊ի Արդարադատության դատարանում կլսվի Ադրբեջանի հայցը` ընդդեմ Հայաստանի2023-01-30 21:49:00
Վերջին 50 օրերում մնաց Արցախի շրջափակումը, այն մեծ աղետը, որը տնետուն մտավ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր, դարձավ աշխարհի վերին ատյանների, միջազգային բազում կառույցների քննարկման թեման...
Երեկ` Արցախի մեկուսացման 50֊րդ օրը, Հաագայի միջազգային դատարանում քննարկվում էր 120 հազարի ճակատագիր, որ ներկայացվեց հայկական կողմի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, միջազգային փաստաբանների կողմից։ Այսօր` հունվարի 31֊ին, այդ նույն` ՄԱԿ֊ի Արդարադատության դատարանում կլսվի Ադրբեջանի հայցը` ընդդեմ Հայաստանի։
Թե քանիսի ականջներին հաճո կլինի լսել ադրբեջանական կողմի բարբաջանքը, որ ճանապարհը փակ չէ, տեսանելի կդառա դատարանի որոշմամբ։
«Արդարադատություն» բառը շատ մեծ հնչողություն ունի աշխարհում, որի հանդեպ օրեցօր մեծանում է տագնապը, քանի դեռ տարբեր հայացքներով է աշխարհը մոտենում մարդկային տառապանքին...Կարծում եմ` արդարության միջազգային ատյանը քննություն կհանձնի այս դատավարությամբ, իր կայացրած որոշումով` սեղանին դնելով իր ընդունած արդար դատավճիռը։
Ժողովրդական խոսքը, թե կուշտը սովածին մանր կբրդի, իր ազդեցությունը կորցրել է, երբ ադրբեջանական 10 միլիոնանոց երկիրն իր ուժը փորձում է 120 հազարի դեմ, այնպես, ինչպես 44֊օրյա անհավասար պատերազմում։
Արցախը հայկական պահելու մաքառման ճանապարհը շարունակվում է, մի ճանապարհ, որ աշխարհի հայացքի տակ արցախցիներն անցնում են մեծ դիմացկունությամբ...Արցախ֊Հայաստան֊Սփյուռք միասնական շղթան, միջազգային հանրության հետ միաձայն, մեզ ուժ է ներարկում, որ պատվով հաղթահարենք այս մեծ փորձությունը։
Արցախի պայքարը դեմ է զենքին, ուժեղ դիվանագիտությունը պիտի սատարի մեր պայքարին` հանուն մեր վաղվա օրվա, հանուն այն բոլոր սերունդների խաղաղ կյանքի, որ նախնյաց հայրենիքի արդար տերերն են դառնալու։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 896 անգամ