Զարմանալի է, թե թուրքական ելակը ինչու է Արցախում հայտնվել
2023-02-15 22:58:00
Ոմանք տարված են հայ-թուրքական նոր հարաբերություններով, բայց ուրախանալ պետք չէ... Ժողովրդական խոսքն իզուր չի ասված` թշնամու հետ բարեկամացի՛ր, մահակը ձեռքիցդ մի՛ գցիր։ 
Ո՞վ գիտի, կասկածամիտ եմ, հանկարծ չմոռանան մահակի գոյության մասին։
Լսում էի ռուսերենով ադրբեջանցի լրագրողի հարցը, որ ուղղված էր թուրք քաղաքական վերլուծաբանին։ Վերջինս մեկընդմեջ հաստատում էր, որ Բաքվի հետ համաձայնեցված են ընթանում այդ հանդիպումները, որը պիտի տանի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։
Իհարկե, թուրքական կողմը երջանիկ կլինի նման սերտ հարաբերությունների հաստատմանը, երբ գիտի, որ հայոց Մեծ եղեռնի մասին խոսք չի լինելու այդուհետ, երբ նա սպասելիքներ ունի, որ հայ֊ադրբեջանական հարցերը իր ձեռքով կարող է լուծել, ինչպես ապահովեց 44֊օրյայի ճակատագիրը։
Չզարմանանք, որ թուրքերը սկսեն հաստատվել Հայաստանում, չնայած արդեն տասնյակ թուրքեր սեփական գույքի տեր են դարձել, անգամ կան նաև ադրբեջանցիներ...Ովքե՞ր գրանցեցին նրանց, որտե՞ղ, ավելի լավ է, չհետաքրքրվենք, սահմանափակվենք որոշ լրատվական աղբյուրների տեղեկությամբ։
Թուրքիային կապող Մարգարայի ճանապարհը բացվեց` երկրաշարժից տուժածներին Հայաստանի կողմից հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։ Այն նորից փակ է։
Թուրքիայի հետ սահմանը կբացվի՞...
Եթե կշռաքարի նժարներին դրված լինի Մարգարայի ճանապարհն ու Սյունիքի միջանցքի բացումը, դժվարանում է իրավիճակը, մնում է հայկական կողմը ձեռքն առնի մահակը և զգուշանա, որպեսզի «բարեկամ» դարձած վաղեմի թշնամին Ալիևի հետ իրենց նենգ նպատակները չիրականացնեն։
Զարմանալի է նաև, թե թուրքական ելակը ինչու է Արցախում հայտնվել:

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 732 անգամ