Ինչո՞ւ են աշխատանքից հեռացրել պարեկային ծառայության ղեկավարին
2023-02-16 12:12:00
ՆԳՆ լրատվության վարչությունից հայտնել են, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը: Հետաքրքիր է, որ Ումրշատյանի ազատման պատճառի մասին ոչ մի նշում չի եղել:
Ինչպես հայտնի է, վերջին շրջանում պարեկների աշխատանքից հանրային դժգոհությունը բավական մեծացել է. մարդիկ, ականատես դառնալով այդ ծառայության ոչ արդյունավետ աշխատանքին, արդարացիորեն հարց են բարձրացնում՝ ո՞րն է հարկատուների հաշվին շոկոլադի մեջ պահվող այս ծառայության իմաստը, եթե ասենք Հանրապետության հրապարակում մի «Hummer» էլ բռնել չեն կարողանում՝ ևս մեկ անգամ ընդգծելով կառավարման համակարգում ՔՊ-ի առաջ բերած անցքերի մեծությունը:
Շատ հավանական է, որ Ումրշատյանի ազատումը հետևանք է հենց համերային արկածների: Հասկանալով, որ այս իրավիճակում պետք է ինչ-որ մեկին պատժել՝ քաղաքական իշխանությունը որոշել է հենց նրան քավության նոխազ դարձնել՝ մեկ մարդու անձով պայմանավորելով համակագում տիրող քաոսն ու անարդյունավետությունը:
Սա ակնհայտորեն արվել է, որպեսզի քաղաքական իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքները նորովի հասցեագրվեն և հասցեագրվեն ոչ թե Կառավարությանն ու դրա ղեկավարին, այլ՝ ումրշատյաններին:
Սա դեռևս նախկիններից մնացած հնարք է, որն ինչ-որ չափով աշխատում է, քանի որ միամիտների մոտ ստեղծում է տպավորություն, թե վերևներում ուշի-ուշով հետևում են պետական օղակների ու մարմինների աշխատանքի որակին՝ առաջնային դիտարկելով հանրային շահը, խրախուսելով լավ աշխատանքն ու պատժելով անգործությունը:
Տեսնենք, թե ինչ կտա Ումրշատյանի հեռացումն ու նոր պետի նշանակումը համակարգին:
Այս նյութը դիտել են - 650 անգամ