Տիկին Հասմիկը համարյա հատում է իննսունը, սպասում է որդուն, որ իրեն թևանցուկ արած դուրս կբերի արդեն բանտախուց դարձած ծերանոցից․․․Հայկուշ Նազինյան
2023-02-18 18:35:00
Երբ նոր էի եկել Ամերիկա, բարեկամուհիներիցս մեկն այսպիսի արտահայտություն արեց․«Այս երկիրն այնքան սրտացավ է,որ ծերերի ու հիվանդների խնամքն իր ուսերին է վերցրել։Հեչ չմտածես, երբ մեծանանք մեզ պահողներ ու խնամողներ կան, երեխաների հույսին չենք մնա, ապրած մնան հոմքերներն ու հոսպիսները»։
 Ես անտեղյակ ամեն ինչից, իհարկե, լռեցի, մտածելով, որ ժամանակի հետ ամեն ինչ կհասկանամ ու տեղը կբերեմ։Այդպես էլ եղավ,երբ շփումս ավելի ընդարձակվեց ու ծանոթներիս թիվը շատացավ,տեղեկությունների հոսքն էլ կրկնապատկվեց,ես այդ ամենը սկսեցի ի մի բերել և իմաստավորել։
Ամուսինս,երբ տառապում էր ծանր հիվանդությամբ,նա ամեն անգամ ակնարկում էր ցավով,որ իրեն այդ բուժհիմնարկներից մեկում հավանաբար կտեղավորենք։Երեխաներս հանգստացնում էին նրան ասելով,որ այդպիսի բան չի կարող լինել և մինչև վերջին շունչը կմնան կողքին։Ու այդպես էլ եղավ, շնորհիվ Աստծո օրհնությամբ ու օգնությամբ և բոլորիս հոգածությամբ։
 Այս նկարի կինը, տիկին Հասմիկը, որին մի երկու անգամ եմ հանդիպել, ապրում է ծերերի շենքում ու հոգատար խնամակալներ ունի իրեն հատկացված։
ԱՄՆ֊ում վաթսունից հետո շատերը երազում են բնակվել ծերերին հատկացվող այսպիսի շենքերում, քանի դեռ կարողանում են ինքնուրույն շարժվել և հոգալ իրենց կարիքները։Իսկ երբ դժվարանում են քայլել ու մնալ միայնակ,նրանք արդեն երազում են իրենց երեխաների մոտ վերադառնալ և ապրել ընտանեկան ջերմության մեջ։Բայց դա արդեն դառնում է անհնարին։Նախ զավակները չեն կարող կորցնել աշխատանքը ու նստել նրանց կողքին և զբաղվել խնամակալի պարտականությամբ՝ հետո էլ սովոր չեն արդեն նրանց կամակորություններին և տնքոցներին ականատես լինելու։Նրանց վերջին կանգառն էլ դառնում են հոսպիսներն ու հոմքերները,որտեղ էլ կնքում են իրենց մահկանացուն։
Տիկին Հասմիկը համարյա հատում է իննսունը,տառապում է հիշողության կորստով։Նա խնամակալներին ստիպում է միշտ կոշիկները հագցրած պահեն ոտքերին,պայուսակն էլ կողքին դրած մնա,որովհետև ուր որ է կհայտնվի որդին՝ Նիկոլը և իրեն թևանցուկ արած դուրս կբերի արդեն բանտախուց դարձած ծերանոցից․․․
Հայկուշ Նազինյան
 
Այս նյութը դիտել են - 1657 անգամ