Ինչո՞ւ է ակտիվացել Վանեցյանը
2023-02-20 15:33:00

Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու հարցում անմիջական դերակատարություն ունեցած ու տևական ժամանակ նրա զինակիցը եղած Արթուր Վանեցյանը, որ, ինչպես հայտնի է, ընդդիմության փողոցային պայքարի ձախողումից հետո անհետացավ քաղաքական դաշտից՝ դրա վերաբերյալ առանձնապես եկար-բարակ բացատրություն չներկայացնելով, Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էր նաև ինքը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկայում իրեն ու իր գործընկերներին ավելի հաճախ մարդիկ կտեսնեն տարբեր միջոցառումներին, տարբեր հարթակներին՝ թեպետ ինքը երբեք չի դադարել հասարակական-քաղաքական գործունեություն ծավալել՝ չնայած դրա՝ լայն մասսաների համար աննկատությանը:
Վանեցյանը, որին կապում են Միքայել Մինասյանի հետ, ակտիվության նշաններ է սկսել ցույց տալ, ինչը դժվար թե նրա անձնական նախաձեռնության արդյունք կարող է դիտվել: Վանեցյանը երբեք ինքնուրույն ֆիգուր չի եղել՝ անթաքույց կերպով հանդիսանալով Սերժ Սրագսյանի գլխավորած ընդդիմադիր քաղաքական թևերից միայն մեկը:
Գլխավոր հարցը հետևյալն է՝ ի՞նչն է ստիպել Վանեցյանին կրկին հավատալ սեփական ուժերին, արդյոք Սերժ Սարգսյանի ակտիվությո՞ւնն է պատճառը՝ «Հայաստան» դաշինքի որոշակի պասիվության ֆոնին, եթե այո, ապա կոնկրետ ի՞նչ գործառույթ է դրվել Վանեցյանի վրա՝ նկատի ունենալով նրա՝ խարիզմատիկ քաղաքական լիդեր չլինելու և թերևս նաև այդ պատճառով ընդդիմության պայքարում հաջողություն չգրանցելու փաստը:
Արթուր Վանեցյանը, իհարկե, Նիկոլ Փաշինյանի համար ամենևին էլ ահեղ մրցակից չէ: Առհասարակ նախկիններից և ոչ ոք այսօր Փաշինյանին վախ ու սարսափ չի ներշնչում, քանի որ երբ մի ուժ դառնում է համակարգային ընդդիմություն, այսպես թե այնպես համաձայվում է խաղալ իշխանության խաղը՝ թեկուզ արտաքուստ արմատական ձևանալով:
Վանեցյանը թերևս ժամանակի վրա է խաղադրույք կատարում՝ շատ լավ հասկանալով, որ տեսանելի ապագայում Նիկոլ Փաշինյանին ձեռնոց նետելու իրական հնարավորություն չի ստեղծվելու: Բանն այն է, սակայն, որ ինքնին ժամանակի վրա խաղադրույք կատարելը կարող է շատ վիճելի որոշում լինել, քանի որ ժամանակի խնդիր ունի ոչ միայն Նիկոլ Փաշինյանը կամ ընդդիմությունը, այլև՝ ողջ Հայաստանը:
Մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ վաղը կարող է ուղղակի չլինել, ուստի լուծումներ են անհրաժեշտ հենց հիմա՝ ներկա պահին, որոնք, սակայն, այսօր չունեն ո՛չ Վանեցյանը, ո՛չ էլ նրան կառավարողները:
 Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1235 անգամ