Ստացվում է, որ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը կամ անձեռնմխելիությունը Հայաստանին կարող է մի ամբողջ բնություն, երկիր արժենալ
2023-02-23 10:09:00

Ամուլսարի թեման Հայաստանում կրկին մեյնսթրիմային է դարձել այն բանից հետո, երբ Էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ իշխանությունները մտադիր են թույլատրել հանքի շահագործումը «Լիդիան Արմենիայի» կողմից:
Պետք է նկատել, որ թեման բնավ պարզունակներից չէ, և շոշափում է բավական լուրջ հարցեր՝ ոչ միայն Հայաստանի էկոհոմակարգին վերաբերող, այլև առնչվելով նույնիսկ աշխարհաքաղաքական խորքերին: Օրինակ՝ հայտնի է, որ թե՛ ԱՄՆ-ն ու թե՛ Մեծ Բրիտանիան մեծապես շահագրգռված են հանքի շահագործմամբ՝ խոստանալով «Լիդիանի» առջև «կանաչ լույս վառելու» դեպքում ակտիվացնել իրենց ներդրումային ծրագրերի իրագործումը Հայաստանում:
Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ փորձագիտական վերլուծությունների պակաս չի զգավցում: Դրանք, ի դեպ, բավական հակասական են, քանի որ ոմանք պնդում ու ապացուցում, որ հանքի շահագործումը վնաս չի տա Հայաստանի բնությանը, մինչդեռ մյուսները, նաև վկայակոչելով դեռևս խորհդային տարիներին արված ուսումնասիրություններն ու դրանցից բխած եզրահանգումները, համոզված են, որ Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ վերջ կդրվի ասենք նույն Ջերմուկ հանգստյան գոտու գոյությանը, կվտանգվի Սևանը՝ այդ ամենից Հայաստանի համար բխող գոյութենական վտանգներով:
Ի՞նչ է տեղի ունեցել, որ ներկայիս իշխանությունները, որ, ըստ էության, խոչընդոտել էին հանքի շահագործմանը՝ 2018-ին իշխանությունը վերցնելով, այսօր մտափոխվել են ու խոսում են 250 միլիոն դոլարանոց պայմանագրի մասին՝ միաժամանակ պնդելով, որ աջալրջորեն հետևելու են հանքի շահագործման հետևանքով առաջ եկող հնարավոր ռիսկերին՝ օպերատիվ կերպով արձագանքելով հնարավոր բնապահպանական մարտահրավերներին:
Բացառված չէ, որ Ամուլսարի շահագործման մասին որոշումն ունի ոչ միայն տնտեսական պատճառներ: Ավելին՝ խիստ հավանական է, որ խնդրի վերաբերյալ իշխանությունների որդեգրած դիրքորոշումն առավելապես ունի քաղաքական հիմքեր՝ ասենք «հանք՝ իշխանության դիմաց» բանաձևով:
Բանն այն է, որ ներկայիս իշխանությունների համար թիվ մեկ խնդիրը իշխանության պահպանումն է՝ ցանկացած գնով: Միաժամանակ հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն վատնել է իր նախկին լեգիտիմությունն ու կարիք է զգում դրսից տրվելիք օժանդակության: Շատ լավ հասկանալով, որ ինքն այլևս լեգիտիմ չէ, Փաշինյանը, պահելու համար իշխանությունը, կարող է գնացած լինել շատ կոնկրետ զիջումների՝ «Լիդիանին» Ամուլսարի հանքի շահագործման իրավունք տալով:
Ստացվում է, որ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը կամ անձեռնմխելիությունը Հայաստանին կարող է մի ամբողջ բնություն, երկիր արժենալ: Մի դեպքում, երբ հայտնի է, թե որքան սուղ են Հայաստանի բնական ռեսուրսներն ու պոտնեցիալը, դժվար չէ կռահել թե ինչ կլինի երկրում, եթե բնապահպանների հոռետեսական կանխատեսումներն իսկապես իրականություն դառնան, և երկիրը զրկվի իր հիմնական հարստությունից՝ ջրից՝ այն ցիանիդով թունավորելով:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 823 անգամ