Ի՞նչ է պահանջել Նիկոլ Փաշինյանը գերմանահայ համայնքից2023-03-04 15:09:00
Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, նրանց հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քանի որ հայկական պետությանը «բան սպառնում է», ուստի հայկական ներուժը պետք է կենտրոնացվի՝ Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու համար: «Մեր բյուջեն պետք ա տասնապատկվի, մեր ՀՆԱ-ն պետք ա տասնապատկվի, մեր քաղաքական, ռազմական, տնտեսական կարողությունները պետք ա ավելանան»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ որպեսզի դա տեղի ունենա, հարկ է հասկանալ աշխարհի կանոնը. մենք չենք կարող անընդհատ երթևեկության կանոնները խախտելու տրամաբանութամբ առաջնորդել մեր պետությունը:
Նիկոլ Փաշինյանը թվարկել է այն «պետք ա»-ների շարանը, որն իրականում անսպառ է. ցանկացած մեկը, ով քաջածանոթ է հայաստանյան ռեալներին ու խնդիրներին, կհաստատի որ դրանց ուղղակի վերջ չկա, քանի որ իսկապես քանդված է Հայաստանը՝ հանդիսանալով, ըստ էության, պարզ բուտաֆորիա: Բայց Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ Հայաստանը առնվազը նախքան հեղափոխությունը հանդես է եկել երթևեկության կանոնները խախտողի դերում, մոռացել է կամ չի ցանկացել ասել, թե որ ուղղությամբ է ինքը տանում «Հայաստան» անվամբ նավն աշխարհի փոթորկալից ծովում, եթե մտադրվել է խաղալ ընդունված կանոններով:
Միաժամանակ աչք է ծակում նրա այն պնդումը, թե մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կենտրոնացնել հայության ներուժը: Մասնավորապես՝ ողջամիտ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է արել «Քաղաքացիական պայամանագիրը»՝ Նիկոլ Փաշինյանի մատնանշած խնդիրը լուծելու համար՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ վերջին 5 տարում ոչ թե մեկտեղվել, այլ միայն ջլատվել է հայության ներուժը, փաստացի ոչնչացվել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, անշուշտ, վարվող պետական քաղաքականության հետևանքով: Գալ ու նույն Գերմանիայի հայերից պահանջել ուժերի մեկտեղում մի դեպքում, երբ ինքդ ես սեպ խրում հայության կոկորդում, առնվազը անտրամաբանական է, անընկալելի:
Հիմնական պատճառը, որի հետևանքով այսօր պառակտված է հայությունը, իշխանությունների կողմից վարվող թրքանպաստ քաղաքականությունն է: Համաշխարհային որոշ կենտրոններից ստանալով Հայաստանի քայքայման ծրագիրը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ինչպես ասում են, վիզ է վերցրել՝ այն մինչև վերջ իրականացնելու՝ առանց հասկանալու, թե ուր են հայութանն առաջնորդում աշխարհի կողմից թելադրված «երթևեկության կանոնները»:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1112 անգամ