Երեկ վեց երեխա հայրեր կորցրին ու որբացան, երեք կին այրի դարձան, երեք տան ճրագ մարեց, երեք անմեղ զոհ կյանքից անդարձ հեռացան...2023-03-05 23:21:00
Երեկվա դեպքից հետո ի՞նչ են մտածում նրանք, ովքեր Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, ովքեր ժամանակից շուտ ցանկանում են ազատվել Արցախի «գլխացավանքից», որ հանգիստ ապրեն։
Ոչխարի առջև խոտ են լցնում, հետո ասում` ոչխարը այլևս խոտ չի ուտում։ Իսկ անխոս ոչխարը սարսափած նայում է կատաղած գայլին, որ իրենից ոչ շատ հեռու կանգնած է։ Ու ի՞նչ են անում ոչխարին։ Գազանների «ծերակույտը» որոշում է` ոչխարին մորթել, որը կեր կդառնա գայլերի համար։
Ես ուզում եմ իմանալ, թե ինչպե՞ս են համարձակվում արցախցիներիս ոչխարի տեղ դնել, «խոտ լցնել մեր առջև» ու ասել` խաղաղություն է, ապրե՛ք ազերիներ հետ հաշտ ու խաղաղ։
Եթե գազանի կատաղած երախից վախեցած Արցախ են հանձնում, ապա ինչպե՞ս պիտի ապրեն այդ գել ու գազանի հետ այն 30 հազար երեխաները, այն 20 հազար մեծահասակները, և, ընդհանրապես, այն 120 հազարը։
Երեկ վեց երեխա հայրեր կորցրին ու որբացան, երեք կին այրի դարձան, երեք տան ճրագ մարեց, երեք անմեղ զոհ կյանքից անդարձ հեռացան...
Ես ուզում եմ պատկերացնել` Արցախը Ադրբեջանի կազմում ինչպե՞ս է լինելու այն մյուս 119 հազար 997֊ի վիճակը, եթե հանկարծ «հավատան», որ իրենց խաղաղ կյանք է սպասվում գազանների կողքին ու մնան Արցախում։
Գրում եմ այս տողերը դառնությամբ, մի՞թե միամիտներ կգտնվեն, որ կմտածեն ապրել թշնամու` մեզ նվիրած «խաղաղության դարաշրջանում»։
Այսօր ես չեմ մտածում «միջանքը» բացելու, հումանիտար թե էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու մասին, այլ հազարավոր արցախցիների նման անհանգստանում եմ, որ վաղը, մյուս օրը, թե օրեր, ամիսներ անց ինչպես ենք փրկվելու այս գազաններից, երբ նրանք սովոր են հայի արյուն խմել, որ հագենան...
Ժամանակն է` դատապարտել բոլոր նրանց, ովքեր մեզ ոչխարի տեղ դնելով` իրենց կեղծ խաղաղասիրության կոչով փորձում են աշխարհին հավատացնել, թե ոչխարներն ու գայլերը կարող են համերաշխ ապրել գել ու գազանի իշխանության տակ։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1009 անգամ