Ծաղիկների փոխարեն մի կտոր խաղաղ երկինք կցանկանայինք, բայց չգիտեմ` այսօր Կանանց օրը նշվու՞մ է Արցախում։
Մեր անտրամադիր վիճակը չէ հարցմանս պատճառը և ոչ էլ շրջափակումը նկատի ունեմ, երբ գիտեմ, որ այդ տոնական օրը մեզ մոտ աշխատանքային է` վաղուց տեղափոխված Ապրիլի 7։
Ինչպես էլ լինի, երբ նայում եմ ֆբ հարթակի բազմաշերտ շնորհավորանքներին, զգում եմ, որ հանրությունը կարոտ ունի դրական հույզերի, ուրախ ապրումների, որ գեղեցիկ սեռի տեսքով է ասպարեզ գալիս և թարմ շունչ տալիս շրջապատին։
Այսօր ուզում եմ չափել հայ կանանց վիշտը։ Անչափելի է, անսահման, որ չի տեղավորի ոչ մի սիրտ։ Բայց տեղավորում է և՛ մոր սիրտը, և՛ կնոջ սիրտը, և՛ քրոջ, երբ որդի են կորցնում, ամուսին, եղբայր...Կորցնում են սիրած էակին, ու նորից նրանց պատկերները գրկած դնում իրենց փխրուն սրտերի մեջ։ Դիմանում են վշտին, հարազատի կորստին, միանում պայքարի, արարում են, ստեղծում, նեցուկ դառնում թույլին, վհատին... Ուժեղանում են նրանք, թեպետ իրենց փխրուն ուսերին աշխարհի բեռն են տանում, կենսասեր են դառնում, երբ իրենք էլ մեծ սիրո, գուրգուրանքի կարոտ ունեն, կյանքի նեղությունները տանում են, երբ իրենք էլ նեղության մեջ են, ապրել են ուզում ամենամեծ ձգտումով, երբ գիտեն, որ ապրելու ամենագեղեցիկ պահը այն ծաղիկները չեն միայն, որ նվիրում են իրենց, այն հրապուրիչ խոսքերը չեն միայն, որ լսում են իրենք...
Կյանքը գեղեցիկ է, երբ մայրերի կողքին են իրենց որդիները, որ կանայք մենակ չեն երեխաներ մեծացնում, որ քույրերին նեցուկ են իրենց եղբայրները, փթթուն աղջիկներին ապավեն են սիրած տղաները...
Ծաղիկներն էլ պակասել են շրջափակված Արցախում, բնության զարթոնքը, հակառակ մեր հոգու տեղատվությանը, իրեն զգացնել է տալիս, բայց սովոր ենք երկնքին նայել ու խնդրել, որ մեր բաժին ծաղիկների փոխարեն` մեզ մի կտոր խաղաղ երկինք տա Աստված։
Նատաշա Պողոսյան