Ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ ոչ մեկը չփորձի իմ և հազարավորների փոխարեն հայրենիքի բախտով խաղալ, երբ այս երկիրը սուրբ է, իսկ Արցախի հայկականության պահպանումը` գերակա2023-03-08 22:01:00
Երեկ` մարտի 8֊ին, պետական պաշտոնյայի ֆբ էջում մի մեկնաբանություն գրեցի։ Գրած խոսքս նույնությամբ չեմ մեջբերում, բայց առաջարկս էր, որ «ինտեգրվելը» մեզ համար չէ, պետք չէ արցախցիներին թևաթափ անել` երկընտրանքի մեջ գցելով, երբ մեր պայքարի ուղին մեկն է, որից չպետք է շեղվել...
Որոշ ժամանակ անց տեսա իմ մեկնաբանությունը ջնջված։ Փորձում էի հասկանալ, թե ինչու է հեռացվել խոսքս, մի՞թե այս երկրի մտավորականը իրավունք չունի աթոռին նստած ոմն պաշտոնավորի ճշմարիտ խոսք ուղղել...
Կարծում եմ` մենք էլ իրավունք ունենք` ուղղորդել նրանց, երբ պատահում է, որ իրենց արտահայտած խոսքը խոցում է մեր սիրտը, եթե հաստատուն չեն իրենց դիրքերում։ Նաև կցանկանայի նրանց էլ ժողովուրդը հավատար ու վստահեր գոնե այնքան, որքան սովորական մի ուսուցչուհու։
Այդ արձանագրումից ժամ հետո ես բանկի մոտ էի, ցանկանում էի աշխատավարձ ստանալ բանկոմատից։ Հերթ էր, բոլորը` տղամարդիկ։ Ոչ հաստատուն քայլերով մոտեցա նրանց` նպատակ ունենալով բարևելուց հետո հարցնել, թե ով է վերջինը։ Այդ պահին լսեցի. «Շնորհավորենք տիկին Պողոսյանի Մարտի 8֊ը և տեղ տանք նրան` աշխատավարձ ստանալու»։
Բոլորը մի կողմ քաշվեցին... Եվ շուտով ծանոթ թե անծանոթ այդ արցախցի տղամարդկանց շնորհավորանքների և բարի հայացքների ներքո ստացա աշխատավարձ, անգամ հասցրի խոսք փոխանակել ոմանց հետ ու հաջողություն մաղթել` բոլորին ուղղված շնորհակալությամբ։
Ես փորձում եմ համեմատության եզրեր գտնել «հեռավար» պաշտոնավորի և երկրի ուժը համարվող այն տղամարդկանց միջև, որոնք տարբեր տարիքի էին, տարբեր մասնագիտության ու արհեստի տեր։
Համոզված եմ, որ այսպիսի հայերն են հայրենիքին սպառնացող վտանգի ժամանակ երկիր պաշտպանելու` հակառակ այն պաշտոնավորին, ով երբևէ կյանքում զենք չի վերցրել ձեռքը։
Այդքանով հանդերձ` ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ ոչ մեկը չփորձի իմ և հազարավորների փոխարեն հայրենիքի բախտով խաղալ, երբ այս երկիրը սուրբ է, իսկ Արցախի հայկականության պահպանումը` գերակա, որի կողքին տեղ չունեն նման պաշտոնավորները։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1252 անգամ