ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾԱԴՐՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՎ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ 406ՄԼՆ. ԴՐԱՄ Է ՀԱՓՇՏԱԿՎԵԼ․ ՄԵԿ ԱՆՁ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է2023-03-10 23:35:00
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող 3 ՍՊ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող և փաստացի սեփականատեր անձի կողմից, ընկերության տնօրենի և ընկերության 100% մասնակցի հետ ձեռք բերված նախնական համաձայնությանարդյունքում, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական նոր վարույթ։ Նշված երկու վարույթները միացվել են, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում:
Իրականացված մեծածավալ վարույթային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ.Հ.-ն, լինելով պետական գրանցում ստացած, թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ և փաստացի սեփականատեր, 2020-2023թթ․ ընթացքում խարդախությամբ, այն է՝ խաբեության եղանակով, ՀՀ պետական բյուջեից ավելացված արժեքի հարկի միասնական հաշվին առաջացրել է 3.868.108.776 դրամի չափով դեբետային գումար, որից 2021-2022թթ. ընթացքում փաստացի հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 406.596.400 ՀՀ դրամ:
Մասնավորապես, Տ․Հ․-ն, նպատակադրվելով պետությունից խաբեությամբ՝ իրական փաստերը խեղաթյուրելով, կատարել առանձնապես չափերով հափշտակություն, նշված ՍՊ ընկերությունների գործունեությունը կազմակերպել է այնպես, որ ֆիզիկական անձանց համար հնարավորություն է ընձեռվել իրենց ֆինանսական միջոցներով արտերկրից տրանսպորտային միջոցների ձեռքբերումն իրականացնել հիշյալ ընկերությունների անվամբ։ Դրա արդյունքում շահեկան վիճակ է ստեղծվել թե΄ ֆիզիկական անձանց, թե΄ ընկերության համար:
Մասնավորապես՝ նման մեխանիզմի կիրառմամբ ֆիզիկական անձը տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար անհամեմատ քիչ հարկեր է վճարել պետությանը, իսկ ընկերության համար հնարավորություն է ստեղծվել փաստացի իր գործունեության արդյունքում չառաջացած, ֆիզիկական անձանց կողմից, նրանց միջոցներով ձեռք բերված և ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցներն արտերկրում վաճառելու արդյունքում հետ ստանալ տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար փաստացի ֆիզիկական անձանց կողմից վճարված ԱԱՀ-ի դեբետագրված գումարները, որոնք ֆիզիկական անձանց կողմից կատարված լինելու պայմաններում վերադարձման ենթակա չեն:
Այս համաձայնության շրջանակներում, որոշակի միջնորդավճարի դիմաց, հիշյալ ընկերությունների կողմից ֆիզիկական անձանց տրված լիազորագրերի հիման վրա, 2020-2022թթ․ ընթացքում առավելապես փաստացի ֆիզիկական անձանց կողմից տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել են ընդհանուր շուրջ 7452 տրանսպորտային միջոց։ Նպատակ ունենալով ներկրված տրանսպորտային միջոցների իրացումից խարդախության եղանակով ստանալ հանցավոր օգուտ՝ «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊ ընկերությունների անվամբ ներկրած և փաստացի ֆիզիկական անձանց պատկանող 3433 տրանսպորտային միջոցներներն արտահանվել են ԵԱՏՄ երկրներ:
Վաճառքի գործընթացում ավտոմեքենաների գները նշվել են ձեռքբերման գնից պակաս՝ այդ կերպ խեղաթյուրելով գործարքի իրական շահառուի, վաճառքի իրական գների տվյալները: Հիշյալ գործողությունների արդյունքում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված շահութահարկի հաշվետվություններում արհեստականորեն առաջացել է 5.699.228.401 ՀՀ դրամի չափով հարկային վնաս, իսկ «Ավտոներկրողներ» ու «Ավտոներկրողների միություն» ՍՊ ընկերությունների ձևական արտահանումից հարկային հաշվեկշռում 2020-2023թթ․ ընթացքում ձևավորվել են վերադարձման ենթակա՝ 3.868.108.776 դրամի չափով ԱԱՀ-ի դեբետային գումարներ:
Այնուհետև ԱԱՀ-ի դեբետային գումարի հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության անվամբ 02.04.2021-16.11.2022թ. ընթացքում ՀՀ ՊԵԿ են ներկայացվել պարզեցված ընթացակարգով` յուրաքանչյուր դեպքում մինչև 40մլն. ՀՀ դրամի սահմաններում, դեբետագրված ԱԱՀ-ի գումարները վերադարձնելու 12 դիմում, որոնց հիմքով այդ ընթացքում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 406.596.400 ՀՀ դրամ։ Այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափով նշված գումարը։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023թ․ մարտի 9-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հիշյալ ընկերությունների փաստացի սեփականատիրոջ և գործունեությունը ղեկավարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը դատախազի կողմից բավարարվել է, և անձին ներկայացվել է մեղադրանք:
Այս նյութը դիտել են - 1107 անգամ