Ստի գերդոզավորում. ինչի՞ մասին էր Նիկոլ Փաշինյանի ասուլիսն այս անգամ
2023-03-14 11:23:00

Նիկոլ Փաշինյանի ասուլիսները, խոշոր հաշվով, վաղուց միմյանցից չեն տարբերվում: Այս մեկն էլ, ցավոք, ըստ էության, բացառություն չդարձավ, քանի որ ինչպես միշտ, մարտի 14-ի ասուլիսն էլ ընդանուր առմամբ մի բանի մասին էր՝ ինքնաարդարացման: Մինչդեռ հայտնի է, որ պետական առաջնորդի ասուլիսների իմաստն այն է, որ դրանք սովորաբար ձևավորում են հանրային սպասումներ՝ սահմանելով սուր խնդիրների լուծման բանաձևերն ու պատեկրացում տալով դրանց հաղթահարման մարտավարության մասին:
Որևիցե նման խնդիր Նիկոլ Փաշինանն ակնհայտորեն իր առջև չէր դրել՝ է՛լ ավելի անհասկանալի դարձնելով, թե ուր ենք գնում, Արցախի ու Հայաստանի անվտանգային խնդիրների հետ ինչ է լինելու, ինչը հանգեցրեց պատերազմի, ով է պարտության համար պատասխանատու և այլն:
Պարզվեց՝ բոլորը մեղավոր են՝ բացի «թիվ մեկ պատասխանատուից» ու ՔՊ-ից, իսկ առկա խնդիրներն ու մարտահրավերներն էլ բացառապես հետևաք են օտարների, անհավատարիմ դաշնակիցների կեղտոտ խաղերի և այլն:
Ինչո՞ւ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը տապալվեց: Տապալվեց, քանի որ ունենք մի ղեկավար, որը երբեք հակված չէ ընդունել իր սխալները՝ սեփական մեղքի չափաբաժինը հաճույքով այլոց վրա բարդելով: Նա ուղղակի «կռուտիտի» լավ մասնագետ է, որ իր համապատասխան որակները տարիների հետ միմիայն փորձում է առավելագույնս կատարելագործել՝ կարծելով, թե բոլորը, բացի իրենից, իսկական տխմարներ են և չեն հասկանա՝ ինչ է իրականում տեղի ունենում:
Տեղի է ունենում հայոց պետականության անկում, որի համար հիմնական պատասխանատուն ամեն ինչ անում է՝ գործն իր ավարտին հասցնելու, իսկ հետագայում գործած հանցանքների համար չպատժվելու:
Այսքան ներքին հակասություններով, բացահայտ ստերով լի ասուլիս իսկապես դժվար է մտաբերել, ինչը թերևս հետևանք է երկրի ծանրագույն վիճակի, որի վերջն ուղղակի չի երևում:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 971 անգամ