Այս անուղեղները որտեղի՞ց սնվեցին, որ իրավունք վերապահեն արցախցիներիս ճակատագրով խաղալ2023-03-14 13:26:00
Արցախցիներս գիտենք մեր գլխավերևում կախված սպառնալիքների մասին, շատ լավ գիտենք մեզանից ոչ շատ հեռու` սահմանին, թշնամու զորքի կուտակումների մասին։ Հասկանալի է, թե ինչ է ուզում ոճրագործ ցեղը մեզանից։
Մենք հող ունենք, սրբացված հող, որին կառչած ենք ամուր, այդ հողին մեր տունն է, մեր այգին, մեր ոտնահետքերն են ամենուր, իսկ քպ-ական ոմն պատգամավոր, իր տիրոջը հավատարիմ, բարբաջում է, թե իրենք հողի հարց չեն քննարկում, այլ արցախցիների անվտանգությունն են ուզում ապահովել։
Այս անուղեղները որտեղի՞ց սնվեցին, որ իրավունք վերապահեն արցախցիներիս ճակատագրով խաղալ։ Իհարկե, Արցախը հանձնելուց հետո հողի հարց չունեն քննարկելու, երբ թրքածին մտածելակերպով դավաճանել են 120 հազարի, իրենց կույր «դիվանագիտությամբ» մեզ կանգնեցրել աղետի եզրին։
Ծանր իրավիճակ է շրջափակված Արցախում, բայց մենք աշխատանքի ենք գնում, մեր երեխաները` դպրոց, մանկապարտեզ, երբ չգիտենք ոճրագործ ցեղի առաջիկա քայլերը։
Երբեմն ինքս ինձ հարցնում եմ` որտեղի՞ց ենք մեծով թե փոքրով ուժ ստանում, որ դիմանում ենք այս ամենին, բայց հետադարձ հայացք եմ ձգում անցյալին ու հասկանում, որ դարերն են մեզ պատգամել, որ ամուր կառչենք հողից, որը մեզ սնել, պահպանել է, ու կառչել ենք` հավատալով, որ կյանքի իմաստը սեփական հողում ապրելն է, հողի համար պայքարելն է, մեր արմատները պաշտպանելն է, մեր գերնպատակը այդ հողը սիրելն է, որը կոչվում է հայրենիք։
Ցավոք, տառապած է այդ մի կտոր հայրենիքը` հոգնած չարիքներից, աշխարհի դավերից...Երանի՜ միայն արտաքին թշնամի ունենայինք, գոնե կիմանայինք, թե որ ուղղությամբ դիմադրենք։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1016 անգամ