Փաշինյանին սասունմիքայելյաններ են պետք. հիմա նա է զիվորականի իդեալը
2023-03-16 18:06:00

Ինչպես հայտել են ՀՀ դատախազությունից, Վերաքննիչ դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունը և մեղադրյալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառել է կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով. Խաչատուրովին մեղադրանք է ներկայացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար՝ Սեյրան Օհանյանին առնչվող գործի շրջանակներում։
Թե ինչու են իշխանությունները ֆիքսվել Գրիգորի Խաչատուրովի վրա՝ ամեն գնով հասնելու նրա կալանավորմանը, բացատրելի է: Խաչատուրովը, ինչպես և Հայաստանում շատ-շատերը, իշխանությունների կողմից որակվում են որպես պատժի ենթակա նախկիններ՝ հետապնդվելով ու հալածվելով, մի տեսակ երկրորդ սորտի մարդ համարվելով՝ անկախ նույնիսկ նրանից, թե օբյեկտիվորեն ինչ վաստակ ունեն կամ ինչպիսի նկարագրի տեր անհատներ են:
Նման կալիբրի զինվորականին կալանավորելը իշխանական մոլուցքը կարող է ունենալ երկու հիմնական բացատրություն:
Ըստ առաջին վարկածի՝ խնդիրը Սեյրան Օհանյանին լիկվիդացնելն է, իսկ դրա համար, ինչպես հասկանալի է, կա անհրաժեշտ ցուցմունքի խնդիր, ու երևի իշխանությունները մտածում են, որ այդ անհրաժեշտ ցուցմունքն իրենց Խաչատուրովը կարող է տալ:
Երկրորդ՝ տեղի ունեցողը պայմանավորված է Արցախի ու Հայաստանի շուրջ ընթացող զարգացումներով:
Իշխանությունները հասկանում են, որ իրենց իշխանավարման գինը կարող է լինել ինչպես Արցախի լիարժեք հանձնումը, այնպես էլ՝ ասենք Սյունիքի հնարավոր անեքսիան, ինչը նշանակում է, որ գոյություն ունի ինքնաապահովագրման խնդիր, գոյություն ունի արտաքին կուրատորներին բավարարելու հարց, և քանի որ Հայաստանում ոչ բոլորն են հայրենիք վաճառող, ուստի Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի «անկախ» դատական համակարգի միջոցով լիկվիդացնելու բոլոր խոչընդոտները:
Մյուս կողմից ՝ անկասկած է, որ Խաչատուրովի դեմ կայացված այս որոշումը երբեք կյանքի չէր կոչվի, եթե չլիներ քաղաքական իշխանություններից իջեցված թելադրանքը: Հայաստանի դատական համակարգն ինչպես եղել է գործադիրի ստրուկը, այնպես էլ հանդիսանում է այդպիսին ցայսօր՝ ապացուցելով, որ սին էր 2018-ի հեղափոխությունը, սին են «նոր Հայաստանի» մասին հեքիաթները:
Փաշինյանին սասունմիքայելյաններ են պետք: Հիմա նա է զիվորականի իդեալը՝ ստորաքարշ ու ծախու:
Այս նյութը դիտել են - 681 անգամ