Գողական պատգամավորները վտանգ են զգացել...
2016-02-22 00:19:00

Հասարակությունը, լրագրողական համայնքը վրդովված քննարկում են ՀՀԿ-ի պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի պահվածքը: Այս օդիոզ պատգամավորը, ով չի թաքցնում իր պատկանելությունը գողական աշխարհին, խորհրդարանում տեսնելով լրագրողների խմբին, ասել է՝ «Է՞ս ինչ նախիր ա»:

Լրագրողները մտադիր են փետրվարի 23-ին խորհրդարանի առջեւ ֆլեշմոբ անցկացնել «Ով է նախիրը» պաստառով:
Նախիրը մի հանրակցություն է, որին քշում է նախրչին՝ հովիվը: Լրագրողները սակայն, ովքեր աշխատում են խորհրդարանում, լիովին այլ կուրսով են ընթանում՝ նրանք հանրության անունից փորձում են պարզել, թե ուր է գնում երկիրը, արդյոք արդարացված են ընդունվող որոշումները եւ ինչ օգուտ են տալիս մարդկանց:

Իսկ պետական շատ մարմիններ, գողական ենթամշակույթներ, որոնք Հայաստանում սերտաճել են, ձգտում են հարցեր չտալ եւ ոչ միայն ապրում են կոշտ կանոններով, որոնք հաստատված են «վերեւներում», այլեւ բոլոր միջոցներով պաշտպանում են կոշտ հիերարխիան:
Կլինի՞ ֆլոշմոբ, լրագրողները կհրաժարվե՞ն լուսաբանել իրենց վիրավորող պատգամավորներին՝ կարեւոր չէ: Ինչպես եւ այն, թե արդյոք հայց կներկայացնեն Էթիկայի հանձնաժողով:
Կարեւոր է այն, որ իշխանության մեջ գտնվող քրեական աշխարհի ներկայացուցիչները հիստերիկայի մեջ են: Թեեւ նրանք տեսնում են, որ արտաքնապես քիչ բան է փոխվել, սակայն զգում են, որ իրենց ոտքի տակի հողը փախչում է: Իշխանության ավանդական երաշխիքները պահպանվել են, սակայն ցնցումները գալիս են առավել խորքային շերտերից:

Նրանք, օրինակ, չեն կարող հասկանալ, թե ինչպես կարող է իրենց շեֆը դաշնակներին հանձնել տարածքային կառավարման նախարարությունը: Դա գողական ենթամշակույթի յուրահատուկ հենարանն է, որի միջոցով, կառավարման պետական համակարգին զուգահեռ, բարգավաճում է ստվերային, գործնականում իրական համակարգը՝ գողականը:

Հենց տարածքային կառավարման համակարգի միջոցով են իրականացվում «քաղաքական» գործառույթները՝ ընտրությունների կեղծման միջոցով ապահովվում են անհրաժեշտ ձայները եւ իրականացվում է ամենօրյա վերահսկողությունը: Եվ այն, որ այս համակարգը որոշվել է տալ Դաշնակցությանը, գողական աշխարհը սպառնալիք է զգացել իր մոնոպոլ գոյությանը:
Նման ազդակներին գողական աշխարհը լուրջ է վերաբերվում, եւ պատահական չէ վերջին շրջանում պաշտոնյաների ու պատգամավորների տաօրինակ պահվածքը: Լրագրողները նկատել են, որ նրանցից շատերը պարզապես հիստերիկայի մեջ են: Եվ որքան խորանում է այն, այնքան նրանք ավելի են արտահայտում իրենց էությունը:
Ինչպես են աշխատելու դաշնակները եւ կարող են արդյոք կոտրել «պետությունը պետության մեջ», որոնց ներկայացուցիչները սովորական հարցերից հոգեխանգարմունքի մեջ են ընկնում:
 
lragir.am
Այս նյութը դիտել են - 1472 անգամ