Երբ ճաշակում եմ Արցախի շրջափակման աղետները, ամաչում եմ, որ մտքովս անցել է խոսել երջանկության մասին
2023-03-20 23:48:00
Երեկ մեկընդմեջ այս հարթակում ընթերցում էի, որ Երջանկության միջազգային օրն է։ Սպասեցի օրը վերջանա, մի երկու խոսք գրեմ։ 
Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար։ Իմ համեստ տեսանկյունով եմ վերլուծում այն, որին կարող են շատերը հակադրվել։ Բանաձև կամ սահմանում պետք չէ երջանկության համար, երբ ամեն մեկս մեր բանաձևն ունենք, նմանապես` մեր սահմանումը երջանկության մասին։ Հիշեցի իմ աշակերտուհիներից մեկին, ով հարցրել էր, թե արդյո՞ք իր ուսուցչուհին երջանիկ է...
Եթե կարողանայի հայրենիքի մասին մտածումներս մի կողմ դնել ու ապրել առօրյա կյանքի տարբեր պահերով, կհամարեի, որ երջանիկ մարդ եմ։ Համոզված եմ, որ ինձ նման հազարավորներ երկրի ցավով են տառապում` մոռացած կյանքի գեղեցիկ պահերն զգալու հրապույրը։
Եթե հարցնեն` երջանիկ լինելու համար ի՞նչ է անհրաժեշտ, միանշանակ կասեի` ես երջանիկ եմ իմ ընտանիքով, իմ հեռու և մոտիկ հարազատներով, մտերիմներով ու բարեկամներով, այն բազմաթիվ հավատարիմ ընկերներով, որոնց հետ հեռավորությունը ամեն օր կրճատվում է... Կասեի` երջանիկ եմ, քանի դեռ ապրում և ամեն օր լուսաբաց եմ դիմավորում, երջանիկ եմ, որ դպրոցի ճամփան շարունակում է բանուկ մնալ՝ նաև իմ դպրոց այցելելով։ Երջանիկ եմ, որ իմ բնակարանի պատուհանից անձրևի կաթկթոցն եմ լսում, երբ գիտեմ, որ այդ անձրևից հետո հոգուս մեջ ծիածանի յոթնագույնն է շողարձակելու։ Երջանիկ եմ, երբ ապրում եմ պահի գեղեցկությամբ, երբ կարողանում եմ որսալ այն ակնթարթը, որն ինձ երանության է տանում։ Այդ երջանկությունը ես տեսնում եմ ամենուր՝ դասարան մտնելիս, դասամիջոցին միջանցքով անցնելիս, դպրոցից տուն տանող ճանապարհին, անգամ խանութ մտնելիս, երբ բարև եմ առնում ու բարև տալիս...
Ես չեմ փնտրում երջանկություն, երբ այն ինձ շատ մոտ է, այն ինձ շոշափում է ամեն օր, ամեն քայլափոխի, բայց երբ հազարավորների մեջ հարազատ մարդու եմ փնտրում, հիշում մարդկային բազում կորուստներ, կոտրված երկիրս կանգնում է իմ ու ծաղկած բալենու մեջտեղում, մոռանում եմ երջանիկ լինելու զգացողությունը։ Երբ տեսնում եմ անավարտ մնացած դպրոցիս վերանորոգումը, հայացքս ուղղում Արցախի վրա կուտակվող ամպերին, զգում եմ, որ երջանկությունը միանգամից հեռանում է ինձանից։
Երբ ճաշակում եմ Արցախի շրջափակման աղետները, ամաչում եմ, որ մտքովս անցել է խոսել երջանկության մասին։
Երբ լսում եմ թշնամու հոխորտանքը հայոց երկրի շուրջ, հասկանում եմ, որ երջանկությունը ազգերի միջև հավասար չի բաշխված, ու ցանկանում եմ աղաղակել աշխարհով մեկ, որ բացեն երջանկության դռները մարդկության համար, որ երջանիկ ապրելը բոլորիս երազանքն է, և մեզ թույլ տան` գոնե զգանք երջանկության համը, որ այս օրերին Արցախի համ ունի, երջանկության հոտը, որ արցախաբույր է, և թույլ տան տեսնելու երջանկության գույնը, որ առավել շատ արցախերանգ է...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 886 անգամ