Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են անցյալը. վախկոտությո՞ւն, թե՞ դավադրություն2023-03-23 12:13:00
Իշխանական քարոզչամեքենան անհաջող կերպով փորձում է մարսել Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում վերջինիս կողմից արված այն հայտարարությունը, որ պատերազմի ժամանակ եղել է հնարավորություն՝ այն չավարտելու ներկայիս պայմաններով, բայց Երևանը մերժել է դրանք:
Որ պատերազմի ժամանակ իսկապես եղել է շանս՝ այն 44 օր չձգելու, հայտնի է բոլորին, ուղղակի ժամանակի ընթացքում այդ տեղեկությունն իշխանությունների ստահոդ քարոզչության շնորհիվ մի տեսակ մոռացության մատնվեց՝ ՔՊ-ին տալով շանս՝ խուսափելու պարտության պատախանատվությունից:
Հիմա, կարծես թեման կրկին ակտուալ է դարձել՝ պայմանավորված նախևառաջ վերահաս պատերազմի մասին ստացվող կանխատեսումներով:
Շատերը հարց են տալիս՝ ի՞նչ է լինելու Հայաստանի հետ, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում Հայաստանը ևս մեկ անգամ ստիպված լինի ճակատ ճակատի բախվել ազերիների հետ, արդյոք կարո՞ղ է կրկնվել 44-օրյա պատերազմի սցենարը, թե՞ հաղթելու շանս կա:
Հարցն իսկապես գոյաբանական նշանակության է, քանի որ հարցականի տակ է հայտնվել նախևառաջ Հայաստանի գոյությունը. Ադրբեջանը բացահայտորեն չի հաշտվում Հայաստանի գոյության փաստի հետ՝ անթաքույց «կրճտացնելով ատամները»:
Նախ պետք է հստակորեն արձանագրել, թե ինչու 2020-ին Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը վաղաժամ դադարեցնելու առաջարկները:
Հստակ է՝ նա վախեցել է հանրային արձագանքից, որ հանկարծ իրեն դավաճան չասեն: Բայց կա նաև մեկ այլ հավանական տարբերակ, ըստ որի՝ պատերազմի պատվիրատուներին անհրաժեշտ էր լիովին ջախջախված Հայաստան՝ զրոյացնելու Երևանի սուբյեկտայնությունն ու տարածաշրջանում Թուրքիայի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու: Այսինքն՝ դե ֆակտո Նիկոլ Փաշինյանը կատարել է Թուրքիայի շահերից բխած քայլեր՝ «փուռը տալով» Հայաստանը:
Բնական հարց է առաջանում՝ եթե փաստացի գործ ունենք դրածո իշխանությունների հետ՝ դրսի պատվերները հստակորեն կատարող, ապա ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ էլ մեկ այլ նպատակով Հայաստանի բանակի «ձեռքերը չեն կապի» ու գիտակցված պարտության երկիրը չեն առաջնորդի: Չկա նման երաշխիք:
Ավելին՝ շատ հնարավոր է, որ այդ պարտությունը լինի շատ ավելի արյունոտ, քան նույնիսկ 44-օրյա պատերազմի դեպքում էր՝ իշխանություններին տալու հնարավորություն՝ պարտությունը վերագրելու «5-րդ շարասյուն» հռչակված հայկական բանակին:
Ի դեպ՝ նույնիսկ անզեն աչքով պրոցեսները դիտարկելիս ստեղծվում է միանգամայն ճշգրիտ տպավարություն, որ քարոզչական մակարդակում իշխանությունները երկիրը նախապատրաստում են պարտության՝ ի կատար ածելու դրսի իրենց տերերի աշխարհաքաղաքական ծրագրերը:
Միակ երաշխիքը, որ սպասվելիք պատերազմում Հայաստանը կարող է շանս ունենալ, իշխանությունների հրաժարականը կարող էր լինել ու հայրենասեր սեգմենտի իշխանության գալը: Բայց գոնե առայժմ նման միտումներ կարծես թե չկան, իսկ թե ինչու չկան, ա՛յ դա արդեն խոսակցության բոլորովին այլ թեմա է՝ ներքաղաքական:
Այս նյութը դիտել են - 998 անգամ