Փետրվարի 21-ին, Լոս Անջելեսում, տեղի ունեցավ SARF-ի (Syrian Armenian Relief Fund) նախաձեռնած հեռուստամարաթոն, որի նպատակն էր ֆինանսապես աջակցելու սիրիահայությանը:
Նշենք, որ հեռուստամարաթոնը շատ լավ էր կազմակերպված: Համահայկական կոչին մասնակցում էին համայնքի գրեթե բոլոր շերտերը՝ քաղաքական բոլոր կուսակցությունները, կազմակերպությունները, փաստաբանական միությունները, տարեցների կենտրոնները, բժշկական և կրթական հաստատությունները, հոգևորականները, դիվանագիտական ներկայացուցիչները, հայտնի դեմքերը:
Հեռուստամարաթոնը ապացուցեց, որ Լոս Անջելեսի հայ համայնքը միասնական է և կարող է օգնել իր հայրենակիցներին, այն հայրենակիցներին , ովքեր գտնվում են Սիրիայում և ապրում են ամենադժվար ծանր պայմաններով, նրանք մեր բոլորի աջակցության կարիքը ունեն:
Բոլոր մասնակիցները մեծ ոգևորվածությամբ կոչ արեցին օգնելու Սիրիայում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին:
Նշենք, որ այդ ոգևորվածությունը փոխանցվել էր դպրոցական երեխաներին: Նրանք Լոս Անջելեսի անգամ մոտակա տարբեր քաղաքներից իրենց ուսուցչական կազմով ներկա գտնվեցին հեռուստամարաթոնին, բերելով ոչ միայն իրենց հավաքած գումարները, այլ նաև փոխանցեցին զորակցության խոսքերը՝ Սիրիայում բնակվող իրենց քույրերին և եղբայրներին:
Տեղեկացնենք, որ ելույթ ունեցան հոգևոր այրերը, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի գերաշնորհ սրբազան Մուշեղ արք. Մարտիրոսյանը, ինչես նաև Հովնան արք. Տերտերյանը: Հեռուստադիտողի աչքից չվրիպեց, որ ամբողջ հեռուստամարաթոնի ընթացքում, Մուշեղ արք. Մարտիրոսյանը, պարբերաբար, իր ներկայությամբ ոգեկոչում էր համայնքին՝ զորավիգ լինելու սիրիահայությանը:
Ավելացնենք, որ այս մեծ նպատակի համար, իր ներկայությամբ, զորակցությունն էր բերել Հալեպի Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը, ով իր խոսքում, իր գոհունակությունը հայտնեց կազմակերպիչներին և հայ ժողովրդին՝ իրենց մասնակցության համար:
Հեռուստամարաթոնի ընթացքում ելույթ ունեցավ նաև Լոս Անջելեսում ՀՀ փոխհյուպատոս պրն. Վալերի Մկրտումյանը, ով իր խոսքում նշեց. «....այսօր, իրոք հնարավորություն է ընձեռնվել բոլորիս համար, որպեսզի մենք անմասն չմնանք այս գործընթացից, որ այսօր վերաբերվում է սիրիահայությանը: Երբեմնի ծաղկուն , հարուստ մշակութային, ազգային կյանքով ապրող մեր սիրիահայությունը, այսօր՝ աղետալի վիճակում է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն արել է հնարավորը և պետական հոգածության ներքո արդեն ավելի քան 17 հազար սիրիահայեր տեղափոխվել և հաստատվել են Հայաաստանի Հանրապետությունում: Ամեն ինչ արվել է, որպեսզի տնտեսական և սոցիալական վիճակը բարելավվի և ամեն մի նախադրյալը ստեղծված է, որպեսզի իրենք արագ կերպով ինտեգրվեն մեր հայ հասարակության մեջ:
Ավելի քան 2000 հազար ուսանողներ և աշակերտներ արդեն սովորում են Հայաստանի Հանրապետությունում ՝ ինչպես հայկական դպրոցներում, վարժարաններում, այնպես էլ՝ բարձրագույն հաստատություններում: Մեր խնդիրն է այսօր, երևի ամենանվազագույնը, որ կարող ենք անել, դա մեր ֆինանասական աջակցությունն է: Ամեն մի սենթ, հավատացե՛ք, ծառայելու է իր նպատակին, այն առումով, որ թեթեևացնելու է նրանց սոցիալական վիճակը, ապահովվելու է նրանց տարրական պահանջները : Հեռուստամարաթոնը մեծապես նպաստելու է նաև նրանց անվտանգության երաշխիքների բարձրացմանը, որը, այսօր , շատ մտահոգիչ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի համար, այլ՝ համայն հայության համար: Անձամբ՝ այս ամենը ես դիտում եմ, որպես համահայկական հնչեղություն ունեցող խնդիր, ոչ միայն սիրիահայության ՝ այլ համայն հայության խնդիր»:
Տեղեկացնենք, որ SARF-ի նախաձեռնած հեռուստամարաթոնին միացան նաև Բոստոնի և Լաս Վեգասի հայ համայնքները՝ իրենց միություններով և կազմակերպություններով:
SARF-ի նախաձեռնող խմբի անդամները, ամսիներ շարունակ աշխատանքից հետո, հոգնած, մասնակցել էին հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքներին, կարող ենք ասել, որ գերազանց էին համակարգել իրենց ուսերին դրված այս մեծ նպատակը, նպատակ, որի արդյունքում հանգանակվեց 1, 204, 840 դոլար:
Հեռուստամարաթոնը եթեր հեռարձակվեց Լոս Անջելեսի Artn-Shant, USarmenia, Pan Armenia, հեռուստաընկերություններով: Առանձնակի պետք է նշել, որ հեռուստամարաթոնը տեղի էր ունենում «Հորիզոն» հեռուստաընկերությունում, որտեղից էլ ուղիղ եթեր էր հեռարձակվում նշված հեռուստակայաններով: Նկատելի էր, թե ինչ մեծ աշխատանք էին կատարել «Հորիզոն» հեռուստակայանի տնօրինությունն ու անձնակազմը, կամավորները, որին ականատես եղանք բոլորս:
Այս դրամահավաքը ցույց տվեց, որ համայնքը կարող է միասնական լինել, կարող է աջակցել իրենց հայրենակցին, այն հայրենակցին, ով օգնության կարիք ունի, գտնվում է աղետալի, անապահով վիճակում:
Այսօրվա հեռուստամարաթոնը ապացուցեց այն, որ երբե՛ք Հայը Հային մենակ չի թողնի:
Գայանե Մանուկյան
ԱՄՆԱյս նյութը դիտել են - 2127 անգամ