Կարեն Գիլոյանը ստել է. Էրիկ Իսրայելյանը դիմում է վարչապետին2023-03-29 20:46:00
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, նախ շնորհակալ եմ բոլոր այն գրառումների ու մեկնաբանությունների համար, որոնք կապված էին իմ վերջին հայտարարության հետ։ Ես իմ հայրենիքն ու իմ հայ ժողովրդին շատ եմ սիրում, եւ որտեղ էլ լինեմ, այդ փաստը միշտ կմնա։ Վիրավորված չեմ նաեւ այն մարդկանցից, ովքեր քննադատաբար մոտեցան իմ հայտարարությանը։
ԲԱՅՑ ցանկանում եմ Ձեզ հայտնել կարեւոր մեկ տեղեկություն։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ՍՏԵԼ է։
Այսօր լրատվամիջոցներից մեկին՝ Irakanum.am-ին տվել եմ հարցազրույց, կարճ ասել այդ մասին։
Հիմա հարկ եմ համարում պատմել մանրամասները։
Ամիսներ առաջ իմ տուն է այցելում Գիլոյանը, որում բնակվում եմ ես։ Նա հայտարարում է, որ պետք չէ աղմուկ հանել, ԶԼՄ-ներին հարցազրույց տալ, ԿԳՄՍ-ն կաջակցի բնակարանի ձեռքբերման հարցում, այդ թվում եւ կանխավճարի։ Գիլոյանն առաջարկում է ինձ բնակարան փնտրել։ Ես անմիջապես անում եմ դա։ Գտնում եմ բնակարան, (երկրորդական շուկայում) տալիս տանտիրոջը 800 $, որպեսզի մնացածն էլ ձեւակերպվի բանկում, իսկ դա վճարվի իմ աշխատավարձից։ Ու երբ այս ամենից հետո զանգահարում եմ Կ. Գիլոյանին, նա ասում է, որ փող չունեն տալու, եւ գնամ գումար ուզեմ UCOM-ից։ Թե ինչ կապ ուներ այդ ընկերությունը, կամ ինչու պետք է ինձ գումար տար, այդպես էլ պարզ չդարձավ։ Ակնհայտ է, որ այդ ամենը նա արեց նրա համար, որպեսզի աղմուկ չբարձրացնեի, բայց հիմա ժամանակն է կատարվածին ու իրերին տալ իրենց անունները։
Իմ հարցազրույցում էլ եմ նշել, որ 4մլն 600 հազար դրամ ԿԳՄՍ-ն ինձ չի տվել։
Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ակնկալիքով, որ մանրամասն կտեղեկանա կատարվածի վերաբերյալ եւ թույլ չի տա, որ պետական ապարատում ու սպորտի ոլորտում լինեն մարդիկ, որոնք մեղմ ասած ստախոս են: Որի պատճառով իմ տված տան բեհը կորավ…»:
Այս նյութը դիտել են - 1284 անգամ