Ինչո՞ւ են ընկել «Լֆիկի» հետևից
2023-04-01 11:56:00
 Շատերի համար անակնկալ է դարձել գործարար Սամվել Ալեքսանյանի հանդեպ իշխանությունների կողմից դրսևորված հետաքրքրասիրությունը:
 Բացի այն, որ ՊԵԿ խոշորացույցի տակ են հայտնվել «Ալեքս տեքստիլ» ընկերությունն ու մի շարք այլ ընկերություններ, որոնք փոխկապակցված են վերոնշյալ ընկերության հետ, Երևանում ձերբակալվել է Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը:
 ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota Land Crauser» մակնիշի 06 LS 600 համարանիշի ավտոմեքենայում զինված քաղաքացի կա:
Սամվել Ալեքսանյանն այն ՀՀԿ-ամերձ օլիգարխներից է, որը հեղափոխությունից հետո անմիջապես համալրեց Նիկոլ Փաշինյանին հնազանդ թունդ փողատերերի շարքը՝ դառնալով նույնքան իշխանամերձ, որքան և նախկինում՝ նախկին իշխանություների ժամանակ: Բոլորը նախանձում էին նրա հարմարվելու բացառիկ ունակություններին ու նույնիսկ մյուսներին նրանից օրինակ վերցնելու կոչեր էին անում՝ ցուցանելով, թե ինչպիսին պետք է լինի փող հաշվել կարողացող ու միայն թղթադրամը կյանքում արժևորող քաղաքացին:
Ի՞նչ է տեղի ունեցել, որ իշխանությունները որոշել են ռեյդի ենթարկել «Լֆիկին»:
Դժվար թե պատճառն, ասենք, սահմանվածից քիչ հարկ վճարելը կամ բիզնես մախինացիաները լինեն՝ հաշվի առնելով ՔՊ-ական իշխանության որակները: Շատ հավանական է, որ խնդիր է ծագել կոնկրետ իշխանական վերնախավի ու հայտնի օլիգարխի միջև՝ կապված ասենք վերևներին քիչ մուծվելու հետ ու պլանը թերակատարելու: Հնարավոր է, որ կան նաև քաղաքական ինչ-ինչ դրդապատճառներ: Խնդիրն այն է, որ բավական ակտիվացել է Սերժ Սարգսյանը, իսկ հայտնի է, որ Ալեքսանյանը հենց նրա մարդն է հանդիսացել երկար տարիներ, և գուցե իշխանությունները մտավախություն ունեն, որ նա կարող է Սարգսյանին ճիշտ պահին իր աջակցությունը հայտնել:
Ինչ էլ լինի, դժվար է Ալեքսանյանի շուրջ կատարվողին կասկածանքով չմոտենալ: Այն հարցերը, որոնք առաջ է բերում իշխանությունների կողմից նրա հանդեպ դրսևորվող վարքագիծը, պարզերից չեն: Թերևս հետո պարզ կդառնա, թե ինչ է իրականում տեղի ունեցել, որ «Լֆիկ Սամոն» հայտնվել է «ՊԵԿ»-ի ատամի տակ: Գուցե կա դաշտից դուրս մղելու ու նրան մեկ ուրիշով փոխարինելու խնդիր նաև:
Այս նյութը դիտել են - 1126 անգամ