Ի՞նչ է եփվում Ալեն Սիմոնյանի շուրջ
2023-04-04 09:03:00
Կասկադում տեղի ունեցած սկանդալային միջադեպը, որն արդեն մի քանի օր է՝ չի դադարում հանրային լայն քննարկման առարկա լինել Հայաստանում, կարող է ճակատագրական դառնալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար: 
Մասնավորապես՝ մեծ աղմուկ է բարձրացել՝ կապված Նիկոլ Փաշինյանի որդու կողմից տարածված այն հերքման հետ, որով Աշոտ Փաշինյանն արձագանքել էր իր մասին Ալեն Սիմոնյանի հայտնած կեղծ տեղեկությանն այն մասին, որ նա ենթարկվել է հարձակման:
Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը հրաժարվել էր արձագանքել Աշոտ Փաշինյանի հերքող հայտարարությանը՝ միաժամանակ պնդելով, որ իր ու Նիկոլ Փաշինյանի միջև որևիցե հակասություն չկա: Սրան զուգահեռ ԱԺ նախագահը մի ֆեյսբուքյան ստատուս էլ է գրել՝ այս անգամ արձագանքելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, որը կարելի է մեկ բառով բնութագրել որպես կոչ՝ պաշտոնազրկելու Ալենին՝ կապված Կասկադում տղի ուենցած միջադեպի հետ: Սիմոնյանը, հեգնելով Տեր-Պետրոսյանին, մասնավորապես՝ նրան հրավիրել է Ազգային ժողով՝ «պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար»:
Ի՞նչ է եփվում Ալեն Սիմոնյանի շուրջ: Արդյոք գործ ունենք նրա քաղաքական կարիերայի վերջաբանի հե՞տ՝ հատկապես հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի կոչ-հորդորը, թե՞ պարզ տեղեկատվական աղմուկի հետ՝ առանց լուրջ հետևանքների:
Ցանկացած նորմալ երկրում, իհարկե, նման ԱԺ նախագահին ոչ ոք չէր հանդուրժի. Ալենը, ինչպես ասում են, սպառել է լիմիտը՝ այլևս բոլորին զզվեցնելով:
Ի դեպ՝ մամուլը ևս գրում է այն մասին, որ ՔՊ-ում հոգնել են առանցքային պաշտոն զբաղեցնող այս ՔՊ-ականից՝ նրա պահվածքը համարելով անթույլատրելի: Ասել կուզի՝ ստեղծվել է մի իրավիճակ, որի հետ ո՛չ Ալեն Սիոնյանը, ո՛չ էլ նրա վերադասը չեն կարող հաշվի չնստել:
Ասում են՝ չկան անփոխարինելի մարդիկ, դեմքեր: Այս ասույթն իսկ և իսկ տեղին է Ալեն Սիմայանի պարագայում, քանի որ այս անհատն իսկապես չունի որևիցե մի անփոխարինելի հատկություն. ո՛չ փայլուն մասնագետ է, ո՛չ ակնառու քաղաքական գործիչ, ո՛չ էլ նույնիսկ մի կարգին հռետոր՝ մարդկանց վրա տպավորություն թողնող: Լրիվ սովորական ՔՊ-ական է, որի բախտն ուղղակի մի քիչ շատ է բերել մյուսներից ու դարձել է ԱԺ-ում նախագահող՝ առանց իրական արդյունքների, լրիվ անիմաստ:
Այնպես որ՝ եթե Նիկոլ Փաշինյանը խելացի գտնվի, արագորեն կազատվի բալաստի վերածված այս ՔՊ-ականից՝ սեփական քաղաքական թիմին ինչ-որ կերպ պարզերես անելու, արդարանալու տեղ թողնելու: Հակառակ դեմքում ողջ ՔՊ-ն կրելու է Ալենի վարքի համար լիարժեք քաղաքական պատասխանատվություն:
Այս նյութը դիտել են - 2485 անգամ