Անահիտ Մանասյանը հրաժարվում է իր պարտականություններից2023-04-13 19:19:00
69 կողմ ձայնով մարդու իրավունքների պաշտպան ընտրված գլխավոր դատախազի տեղակալ, համատեղության կարգով նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհի հանդիսացող Անահիտ Մանասյանը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ՝ փորձելով մոտավոր պատկերացում տալ, թե ինչ է պետք ակնկալել իրենից հետայսու:
Հավաստիացնելով, որ ինքն անանց արժեքների իրական կրող է և հանդես է գալու բացառապես անաչառ դիրքերից՝ բացառելով ՄԻՊ ինստիտուտի քաղաքականացումը՝ Մանասյանը միաժամանակ հետաքրքիր խոստովանությամբ է հանդես եկել նույն գրառման մեջ միանգամից հասկացնելով, որ իրենից շատ բան չարժե սպասել:
«Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ կողմից օգտագործելի միակ գործիքակազմը չեմ համարում քննադատական հայտարարություններ անելը։ Բացառիկ կարևորություն եմ տալու հանրության և պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջև հաշտարարության, ինչպես նաև կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մթնոլորտ ձևավորելու կառուցակարգերին»,-մասնավորապես՝ շեշտել է նորանշանակ ՄԻՊ-ն իր հայտարությունում:
Մանասյանը խոստովանել է, որ չի պատրաստվում իշխանությունների ականջին ոչ հաճելի բաներ ասել՝ նախընտերլով Հայաստանում անընդհատ ծագող խնդիրները լուծել կրթության միջոցով: Թե կոնկրետ ի՞նչ է ենթադրում դա, դժվար է նույնիսկ պատկերացնել:
Հայաստանում բռնության, մարդու իրավունքների ոտնահարման հիմնական աղբյուրն ուժայիններն են ու դատադիրավական համակարգը: Հիմա եթե մի ոստիկան կամ ասենք դատական ակտերի հարկադիր կատարող փողոցում կամ իր տան մեջ ստորացնում կամ վնաս է հասցնում քաղաքացուն, կամ եթե ասենք ընդդմադիր ցույցերի ժամանակ Ոստիկանության աշխատակիցները անհամաչափ ուժ են կիրառում ղեկավարության հրահանգով, Անահիտ Մանասյանն անմիջապես լծվելու է այդ բռնարարների կրթական ցենզի բարձրացման գործի՞ն՝ խուսափելով իրերը կոչել իրենց անուններով ու տալ իրական մեղավորների անունները, թե՞ գոնե փրկելու համար սեփական դեմքը՝ համարձակություն է ունենալու դատապարտողական որևիցե հայտարարությամբ հանդես գալ ու չխայտառակել ՄԻՊ ինստիտուտը:
Ճիշտ է՝ խոշոր հաշվով Հայաստանը մի երկիր է, որտեղ ցանկացած ՄԻՊ-ի խոսքերի ու հայտարարությունների վրա իշխանությունները միշտ են թքած ունեցել, բայց գոնե եղել է մի շրջան, երբ առնվազը որոշակիորեն իրերը կոչվել են իրենց անունով: Հիմա, փաստորեն, այս ձևականությունից էլ ենք զրկվելու, քանի որ Աննա Վարդապետյանի ընկերուհուն հրահանգվել է զգայուն հայտարարություններ չանել, իշխանությունների տրամադրությունը չփչացնել: Եթե իշխանությունները չեն զգալու անգամ ՄԻՊ-ի շունչն իրենց ծոծորակին, ապա ինչո՞ւ պետք է հետամուտ լինեն քաղաքացիների իրավունքների երաշխավորմանն ու չչարաշահեն ունեցած լծակները՝ ճնշելու ընդդիմադիրներին:
Հենց սկզբից էլ պարզ էր, թե Մանասյանին ինչու են նշանակում այս պաշտոնին:
Նշանակել են, որ իրենց համար կոմֆորտ զոնա ստեղծեն ու առանց ավելորդ գլխացավանքի պահպանեն սեփական իշխանությունը՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների հաշվին:
Այս նյութը դիտել են - 1106 անգամ