Հայաստանը՝ ազերի դիվերսանտների թիրախում. գերիների հարցը փակված է
2023-04-14 10:31:00
Հայտնի է դարձել, որ Կապանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին ոստիկանները փոխանցել են ԱԱԾ-ին: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից: Ինչպես հայտնի է, ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերված և ձերբակալված ադրբեջանցի երկրորդ զինծառայողի մոտ գտել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակակետում սպանված 56-ամյա կապանցու հեռախոսը, ինչպես նաև համացանցում առկա է այն տեսագրությունը, թե ինչպես է հանցագործ ադրբեջանցի զինվորը դիմում յուրայիններին՝ տեղեկացնելով, թե իբր հարյուրավոր հայերի գլուխ են կտրել և որ եթե իրենք մեռնեն, թող վոր իրենց հիշեն որպես հայրենասերների:
Ադրբեջանցու համապատասխան տեսաուղերձը թերևս հիմքեր է տալիս՝ հիմնավորապես ենթադրելու կամ համոզվելու, որ գործ ունենք ոչ թե դասալիք զինվորականների, այլ դիվերսանտների հետ, որոնք նպատակային ուղղորդվել են ՀՀ՝ ձեռնարկելու համապատասխան գործողություններ: 
Սա՝ այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, մի շարք ՔՊ-ականներ իրենց հարցազրույցներում փորձում էին հանրությանը համոզել, որ ՀՀ տարածք ներթափանցած դիվերսանտը (այն ժամանակ երկրորդ դիվերսանտը հայտնաբերված չէր) վտանգավոր չէ, քանի որ ինքը միայնակ է, իսկ մենք՝ մի ողջ ազգ: Հիմա այս մի ադրբեջանցի զինվորի տեսագրությունը, փաստորեն, հիմնավորում է հոռետեսական կանխատեսումներն այն մասին, որ իրականում ՔՊ-ականների արձագանքը չի եղել իրավիճակին համապատասխան, և լուծվել է ընդամենը ավելորդ անգամ չքննադատվելու խնդիր:
Հիմա գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ ճակատագիր է սպասվելու ադրբեջանցի դիվերսանտներին:
Օրիանկ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակի զինվորը ցանկություն չունի՝ վերադառնալու հայրենիք՝ ըստ էության, ակնարկելով, որ եթե ունենար, ապա անպայմանորեն կվերադարձվեր: Հետաքրքիր է՝ այս մեկն ի՞նչ ցանկություն կհայտնի և այդ դրան ինչպե՞ս կարձագանքեն ՀՀ իշխանությունները…
Ադբեջանում կան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հայ գերիներ, ինչը նշանակում է, որ ՀՀ իշխանություններն ուղղակի պարտավոր են դիտարկել գերիների փոխանակության տարբերակը, սակայն օրերս ազդեցիկ ՔՊ-ականերից մեկը հայտարարել էր, որ քանի որ ՀՀ իշխանությունները մարդասեր են, ապա չեն դիտարկում «մարդկային կյանքերի վրա» բանակցելու տարբերակը, և Հայաստանը վաղուց է կատարել մարդասիրությունից բխող իր պարտականությունները՝ հակառակ Ադրբեջանի:Նման կերպ, ըստ էության, հնչել էր ակնարկ, որ պետք չէ հույս ունենալ,որ Ադրբեջանից կարող են հավելյալ գերիներ տուն բերվել՝անկախ այն բանից, թե Հայաստանում քանի ադրբեջանցի զինվոր է գերի ընկած. փոխանակութան հարց չի քննարկվում:
Արդյոք բավարար չափով պատճառաբանվա՞ծ է ՀՀ իշխանությունների վարքագիծը: Թող դատի անտարբերության թմբիրի մեջ ընկած հասարակությունը:
Այս նյութը դիտել են - 1098 անգամ