Ո՞րն է իրական «5-րդ շարասյունը»
2023-04-17 18:45:00
Հայաստանում իշխանությունների կողմից ակտիվորեն առաջ մղվող «5-րդ շարասյան» մասին խոսույթը յուրահատուկ երանգներ է ստացել Ադրբեջանի դրոշի այրման փաստի առնչությամբ հանրային դաշտում ու սոցցանցերում արվող մեկնաբանությունների, հստակորեն տարվող պրոադրբեջանական գծի լույսի ներքո: 
Իշխանությունների կողմից «5-րդ շարասյան» վերաբերյալ հորինածին բանաձևը, որն ակնհայտորեն աղճատված բնույթ է կրում՝ իրականությունը ներկայացնելով գլխիվայր շուռ տված՝ իշխանություններին ձեռնտու ռակուրսից, նորովի է բացահայտվում ազերիների դրոշի պաշտպանների խմբերին ռենտգեն քննության ենթարկելու շնորհիվ: 
Չգիտես ինչու բոլոր այն ֆեյսբուքյան օգտատերերը կամ այն էլեկտրոնային ռեսուրսները, որոնք, մեղմ ասած, հիացած չեն Նիկոլյանի արարքով, հայտնի են իրենց պրոիշխանական կոմնորոշմամբ ու աշխարհայացքով: Նույնիսկ ստեղծվում է տպավորոթյուն, թե բոլոր այդ խմբերը, անհատներն ու մեդիաները հենց իշխանությունների ուղիղ հրահագավորմամբ են պաշտպանում Ադրբեջանի ազգային արժանապատվությունը՝ թաքնվելով բարեկրթության քողի տակ:
Վերջին տարիներին Հայաստանում սնկի նման աճել են ապազգային տարրերը, ինչը, իհարկե, չի կարող տարօրինակ դիտվել, քանզի ամենամեծ ապազգայինը հենց ՀՀ իշխանությունն է, որ նման քարոզչական խմբերի միջոցով փորձում է իր կեղծ արժեհամկարգով թունավորել պատերազմի մեջ գտնվող երկրի հանրությանը: Մինչ Ադրբեջանը գրավում է մեր գյուղերը, սպանում մեր քաղաքացիներին, ահաբեկում ու լկտի վարք դրսևորում, Երևանում ինչ-որ խոշոր խմբեր պաշտպանում են Բաքվի ազգային արժանապատվությունն ավելի մեծ եռանդով, քան դա կանեին նույն ազերիները:
Հայաստանում իսկապես կա «5-րդ շարասյուն», բայց ոչ այն իմաստով, որը փորձում են հանրությանը մատուցել իշխանությունները: Այս «5-րդ շարասյունը» շատ դեպքերում ծածուկ կերպով հովանավորվում է նույն ՔՊ-ական իշխանությունների կամ առնվազը դրանց հետ փոխկապակցված տարրերի կողմից՝ Հայաստաի վզին թրքասիրություն փաթաթելով:
Հայաստանի հիմքերը խարխլողների վերջը կգա միայն այն ժամանակ, երբ իշխանության ղեկից կհեռանա «Քաղաքացիական պայմանագիրը» և իշխանության կգան իրականության զգացողությունը չկորցրած ուժերը, բայց թե երբ կլինի դա, հայտնի չէ:
Այս նյութը դիտել են - 1731 անգամ