Մեծ աղմուկ՝ ՔՊ-ական պատգամավորի շուրջ. հայհոյանքը՝ քաղաքական կատեգորիա
2023-04-17 19:51:00
Հանրությունը լայնորեն քննակում է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ցուցաբերած վարքն այն բանից հետո, երբ նա ներողություն էր խնդրել Երևանում Ադրբեջանի դրոշի անարգան կապակցությամբ: Մասնավորապես՝ ՔՊ-ականը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն ուղղված նախատինքների հեղինակներին պատասխանել է սեռական հայհոյանքներով ու անպատիվ խոսքերով՝ չընդունելով իր քայլի սխալ լինելը:
ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորը, հասկանալով, թե որքան տգեղ պահվածք է ցուցաբերել, հայտարարել է, թե ֆեյսբուքյան հայհոյանքների հեղինակն իրականում ինքը չէ. իբր իր էջը կոտրել ու իր անունից հայհոյանքներ են գրել: Միաժամանակ Աղազարյանը հայտնել է որ չի պատրաստվում դիմել ոստիկանություն, քանի որ հարցը լուծված է, «պառոլը» փոխված է. իրավապահները, ըստ Աղազարյանի, ծանրաբեռնված են:
Հովիկ Աղազարյանի հակահիգիենիկ պահվածքը, որը նա դրսևորել է վերջին օրերին, պետք է լրջագույն հետևությունների տեղիք տա հանրությանը, քանի որ նման վարքագիծ դրսևորողը ոչ թե ինչ-որ շարքային մեկն է, այլ, իր իսկ հավաստմամբ, Նիկոլ Փաշինյանին ամենահավատարիմ մարդկանցից:
Ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում հայհոյախոսությունը, իհարկե, նորություն չէ Հայաստանում: Մարդկանց վիրավորելու ու նվաստացնելու այս ավանդույթը ձևավորվել է Գասպարյան Վովայի անձնական կուրատորությամբ, երբ նախկին ոստիկանապետի ստրուկ Նարեկ Մալյանի կողմից ձևավորվում էին ֆեյսբուքյան ֆեյքերի բանակներ՝ թիրախավորելու ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ սփյուռքահայերին՝ բոլոր նրանց, ովքեր հաճելի չէին Վովայի քիմքին: Ընդ որում՝ Վովայի մոտ ֆեյքային գործառույթներ էին իրականացնում նաև Ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս իմաստով նկատենք, որ Հովիկ Աղազարյանի վարքը նախկինների ֆեյքերի վարքից չի տարբերվում:
Բայց արդյոք «սիրո ու հանդուրժողականության հեղափոխության» հոր հավատարիմ մարդն ունե՞ր բարոյական իրավունք՝ ոչ միայն հանուն ադրբեջանական դրոշի հայ ժողովրդին ստորացնելու, այլև իր այդ քայլի հետ ոչ համակարծիք քաղաքացիներին սեռական հայհոյանքներ ուղղելու: Եթե Աղազարյանը կարծում է, որ ադրբեջանակ դրոշն այրելու փաստը չողջունելը հիմնավոր է, ապա թող համենար նույն սոցցանցերում բացատրել, թե ինչու է այդպես մտածում: Բայց նա նախընտրել է փողոցային լեզուն՝ ըստ երևութին, շատ լավ իմանալով, որ չի կարող հոդաբաշխ բացատրություն ներկայացնել իր այդ արարքին:
Պատգամավորը պետք է լինի օրինակելի վարքի տեր անհատականություն, այլ ոչ թե անի իր ու իր քաղաքական թիմի բարոյական նկարագիրը կասկածի տակ դնող արարքներ: Սա աքսիոմ է ողջ աշխարհում, բայց երևի ոչ Հայաստանում:
Այս նյութը դիտել են - 1932 անգամ