Սփյուռքի թշնամին
2023-04-18 22:12:00
 ԱԺ-ում ունեցած իր ելույթի ընթացքում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասցրել է գրեթե ամբողջությամբ ինքնաբացահայտվել՝ բոլորին ցույց տալով, թե ինչպիսի անբերահույս կերպար է ինքը, հնչել է նաև հարց՝ վերաբերող Սփյուռք-Հայաստան կապերին: 
Կոչ անելով հաշվի առնել նոր իրողությունները, որ ներկայումս առկա են Սփյուռքում, դրա կառուցվածքում՝ Փաշինյանը միաժամանակ կտրուկ կերպով հայտարարել է, որ Սփյուռքի հետ հարաբերությունների անկյունաքարը պետք է լինի ՀՀ շահը: «Ուրիշ տարբերակ ուղղակի չկա»,- ի մասնավորի՝ հայտարարել է «կոնցեպտները թարմացնելու» կոչով հանդես եկած Փաշինյանը:
Թվում է՝ վարչապետի վերոհիշյալ հայտարարությունը չի կարող վիճելի կամ վտանգավոր դիտարկվել:
Հայաստանը կամ Հայաստանի շահը չի կարող անջատ դիտարկվել հայ ժողովրդի ու դրա մի կարևորագույն մասնիկը հանդիսացող Սփյուռքից կամ դրա շահերից: Պրոբլեմը, սակայն, այն է, որ ՔՊ-ական Հայաստանը սովորական մի երկիր չէ, այլ թշնամու կողմից ներսից գրավված պետություն է, քանի որ այն թեզերն ու նպատակները, որոնց մասին բարձրաձայնել է նույն Փաշինյանը ԱԺ-ում, գալիս են ապացուցելու, որ ներկայիս իշխանությունները իրականում ոչ մի կապ չունեն Հայաստանի ու հայ ժողովրդի իրական շահերի հետ՝ սպասարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական շահերը:
Հետևաբար՝ եթե Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի հետ ՀՀ հարաբերությունները միտված է կառուցել բացառապես ազգային շահերի մասին իր անձնական ընկալումների հիման վրա, ապա Սփյուռքին սպասելու է քայքայում ու մահ: Այս իշխանություններին անհրաժեշտ չէ հայրենասեր, կորսված հայրենիքի հուշը վառ պահող ավանդական Սփյուռք, այլ պետք են չարչիներ՝ օտար ափերում ՔՊ-ական իշխանության հայադավ, թրքանպաստ թեզերն ու նպատակները գովազդող:
Մի իրավիճակում, երբ ունենք Հայաստանի փոխարեն ՔՊ-ական հակահայաստան, Սփյուռքի առաքելությունը պետք է դառնա հայկական իրական շահերի առաջխաղացումն ամբողջ աշխարհում ու սեփական ինքնության՝ ամեն գնով պահպանումը: Որևիցե իշխանություն այս արևի տակ հավերժ չէ:
Ուղղակի այս ճգնաժամային իրավիճակում մնում է ձգել գոտիներն ու ամեն ինչ անել մի կողմից՝ կարճացնելու ՔՊ-ական իշխանության կյանքը բոլոր հնարավոր մեթոդներով, մյուս կողմից՝ փայփայել հային հայ պահող հավերժական արժեքներն ու ազգային նպատակները:
Այս նյութը դիտել են - 2498 անգամ