Իշխանությունները թելում են Թուրքիայի թելը. ի՞նչ վտանգներով է հղի Ցեղասպանության փաստի ուրացումը2023-04-24 09:34:00
Տասնամյակներ ի վեր ապրիլ ամսվա 24-րդ օրը հայերիս համար եղել է ոչ միայն սգի, զոհված անմեղ նահատակների ոգեկոչման օր՝ դառնալով մեր ինքնության անբաժան մասնիկը, այլև՝ պահանջատիրության: Նույն Ծիծեռակաբերդի հուշարձանը, որի ուղղությամբ ամեն տարվա այս օրը հայությունն ուղղում է իր քայլերը, իր բովանդակությամբ հենց պահանջատիրական է՝ խորհրդանշելով հայոց աշխարհն ու հայությանը:
2018-ից ի վեր, սակայն, այս օրը կոնկրետ Հայաստանում դարձել է մի տեսակ հակասությունների, ներքին պառակտումն ի ցույց դնող, խորքային խնդիրները վեր հանող օր: Իշխանությունների ջանքերով այլևս երրորդ պլան է մղվել պահանջատիրությունը, իսկ առաջին պլանում է հայտնվել «խաղաղության օրակարագ» կոչվածը, որը հայ ժողովրդին է պարտադրվում դրսի թելադրանքի ու այդ թելադրանքը մեր վզին փաթաթող ազգադավ իշխանությունների բռնի ուժով:
Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մեծապես թեման ստվերել ոչ միայն Հայաստանի ներսում, այլև՝ դրսում: Օրինակ՝ նախքան հեղափոխությունը ապրիլի 24-ին ընդառաջ ու դրանից հետո էլ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման մեծ ալիք էր բարձրանում, երբ տարբեր երկրներ համարձակություն էին ունենում՝ որևիցե մակարդակով ճանաչելու Ցեղասպանությունը: Համաշխարհային առաջատար մամուլի էջերում, ընդհանուր լրահոսում ակտիվորեն հիշատակվում էր Եղեռնի մասին, խոսվում հայկական պահանջատիրության մասին, կարևորվում ողբերգության կրկնության անթույլատրելիությունն ու հետևանքների վերացումը:
Հիմա պատկերը տրամագծորեն հակառակն է: Գրեթե ոչ ոք չի խոսում հայերի ցեղասպանության մասին, աշխարհում Ցեղասպանության փաստի նոր ճանաչումներ չեն գրանցվում, աշխարհում հայանպաստ պրոցեսների կանգ է նկատվում:
Սա պայմանավորված է երկու հանգամանքով՝ ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականութան և այդ քաղաքականության հետևանքով մեծապես առաջադիմած ու հզորացած թուրքական լոբբինգի:
Եթե նույնիսկ ՀՀ իշխանություններն են Ցեղասպանության փաստը ստվերում՝ նման կերպ ջանալով կատարել թուրքական կողմի պահանջները՝ իբր բնականոն հարաբերություններ հաստատելու, ապա ինչո՞ւ պետք է օտարները հայերից ավելի հայ լինեն ու Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները փչացնեն՝ չունենալով դրանից որևիցե օգուտ:
Հայաստանը մեծ ողբերգության մեջ է հիմա ապրում, որը ոչ պակաս մասշտաբային է, քան 1915-ին տեղի ունեցածը: Կանգնած ենք ինքնության կորստի իրական վտանգի առաջ: Ողբերգության անունը «ՔՊ-ական իշխանություն է», որից եթե չազատվեց Հայաստանը, եղածն էլ ենք կորցնելու՝ հերթական անգամ բռնելով գաղթի ճանապարհը:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 3993 անգամ