Ինչու՞ են ուզում «մաքրել» դպրոցների պատերը2023-04-25 11:10:00
Հայրենասիրությունն էլ թիրախում հայտնվեց։ Միակ իրականը` հայրենիքի հանդեպ սերն ու երկիրը թշնամուց փրկելու ձգտումը, որին զոհ գնացին հազարավորներ...
Հենց այնպես չէր ասված` հանուն ոչնչի...
Այս օրերի համար էր ասված, որ լավ հասկանանք անհայրենասերներին...
Հասկանանք, թե ինչու՞ են ուզում «մաքրել» դպրոցների պատերը։ Թերևս մեջբերեմ «Փաստ»-ի արձագանքը։
«Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հերոսների, ֆիդայիների, պատմական կերպարների նկարներին, հայ մեծերի մտքերին, հայրենասիրական լոզունգներին, ազգային ոգին բարձրացնող աֆորիզմներին և այլ տիպի գրառումներին, այսինքն՝ այն ամենը, ինչ սովոր ենք տեսնել մեր դպրոցների պատերին։ Ըստ այդմ, բոլոր դպրոցների պատերը պետք է լինեն անթերի «մաքուր»՝ «աշակերտների մտածելակերպի ու ենթագիտակցության վրա արհեստական ներգործությունից խուսափելու նպատակով»։
Այսպես են ցանկանում սերնդի մեջ սպանել հայրենիքի սերը, որն սկսում են նաև դպրոցական ծրագրերից` հեռացնելով հայրենասիրական ստեղծագործությունները դասագրքերից։
Սկսում են դպրոցի պատերը «մաքրելուց», որ դպրոցականը մարտական ճանապարհ անցած ազգի նվիրյալներին չճանաչի...
Սպանում են սերնդի մեջ հայրենասիրությունը, որ հայրենիքի համար երբևէ չմարտնչեն մեր հայորդիները։
Հայրենասիրությունը սպանում են, քանի որ նրանք երբևէ չեն պաշտպանել հայրենիք, քանի որ զինվորական ծառայության մեջ չեն եղել, քանի որ նրանց համար այն լեռներն ու ձորերը, դաշտերն ու արոտավայրերը, լճերն ու գետերը հայրենիք չեն...
Հայրենիք չէր նաև Շուշին, որ դժգույն էր, հայրենիք չէին այն բոլոր բարձունքները, որոնց տեր էր դարձել թշնամին, հայրենիք չէր մեր երկրի ընդերքը, որի աշխատանքը կանգ է առել...
Անհայրենասերների համար հայրենիքը միֆ է, երևակայություն, նրանց համար այն շոշափելի չէ, որի համար պետք չէր զոհաբերվել...
Հենց այսպես էլ հանձնվում է Արցախը, որը հայրենիք չէ հայրենասիրությունը չգիտակցողների համար։ Հանձնվում են սահմանները Հայաստանի, փորձում սպանել սերնդի մեջ հայրենիքի սերը, նվիրումը, անձնազոհությունը...
֊Հանուն ինչի՞ զոհաբերվել,֊ծնվում է հարցը։
֊Հանուն ոչնչի,֊ լսվում է աղաղակը անհայրենասերների։
Հայրենիքը փրկել է պետք ոչնչություններից, այն սեր է, նվիրում...Այն մեր ճաքճքած հողն է, մեր տան ծեփաթափ պատը, որ համբուրում ենք հեռանալիս, այն մամռակալած մատուռներն են, խաչքարերը ճանապարհների, որոնք քանդել են տալիս անհայրենասերները։
Հայրենիքը էժանագին արարածների համար չէ, ովքեր չգիտեն հայրենասիրության գինը...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 4177 անգամ