Այսօր Նիկոլ Փաշինյանը գեթ մեկ ակնկալիք ունի Սփյուռքից կամ Սփյուռքի ազդեցիկ գործիչներից՝ իր թրքասեր քաղաքականության լեգիտիմացումը, նվազագույնը՝ դրան չխանգարելը2023-04-27 12:22:00
Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն» Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ իր երևանյան հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ողջունել էր Ֆրանսահայերի խորհրդի գործունեությունը՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գործընկերության խթանման, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներուժի զարգացման համատեքստում՝ կարևորելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ աշխատանքը, ինչին ի պատասխան Քյուրքջյանը նշել է, որ իր կողմից ղեկավարվող կառույցը պատրաստ է սատար լինել Կառավարությանը և ներգրավվել Հայաստանի զարգացման, համազգային օրակարգի կյանքի կոչման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:
Պաշտոնական հաղորդագրությունը, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, փակագծեր չի բացում երկկողմ այս հանդիպումից, սակայն նույնիսկ վերոգրյալն էլ է բավական՝ հասկանալու, թե մոտավորապես ինչ կարգի խնդիրներ են քննարկման առարկա դարձել կողմերի միջև:
Այսօր Նիկոլ Փաշինյանը գեթ մեկ ակնկալիք ունի Սփյուռքից կամ Սփյուռքի ազդեցիկ գործիչներից՝ իր թրքասեր քաղաքականության լեգիտիմացումը, նվազագույնը՝ դրան չխանգարելը:
Ոչ հեռու անցյալում էր, երբ ֆրանսահայ դաշնակցական, հայրենասեր որոշ գործիչների մուտքն արգելվում էր Հայաստան, հնչում էին փոխադարձ մեղադրանքներ և այլն: Այն, որ հենց ֆրանսահայ սփյուռքի ներկայացուցիչն է հյուրընկալվել վարչապետի մոտ, խոսում է թիրախային մոտեցման մասին: Իշխանությունները խնդիր են դրել թեկուզ Սփյուռքի պառակտման միջոցով հասնել նրան, որ դրա գոնե մի մասը դեմ չկանգնի ՔՊ-ական իշխանության՝ Թուրքիայի հետ հայ ժողովրդի արդար նպատակների ու դարավոր պայքարի հաշվին հարաբերություների կարգավորմանն առնչվող ծրագրերին:
Խոշոր հաշվով Նիկոլ Փաշինյանի ծրագիրը արևմտյան որոշ կենտրոններից թելադրված պլան է, ինչը նշանակում է, որ այդ կենտրոնները ևս շահագրգիռ են Փաշինյանի գործը հեշտացնելու հարցում և ցանկության դեպքում կարող են Սփյուռքում գտնել այնպիսի ուժեր, որոնք դեմ չեն գնա իրենց օրակարգին՝ ուժեղացնելու Փաշինյանի դիրքերը նաև Հայաստանում:
Այս հանդիպման նպատակը, ըստ էութան, հենց դա էլ եղել է:
Այս նյութը դիտել են - 4486 անգամ