Ի՞նչ է Հայաստանն առանց Սփյուռքի կամ ի՞նչ է Սփյուռքն առանց հայկական պահանջների, Հայկական հարցի ու Հայ դատի
2023-05-01 19:35:00
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, միջազգային փորձագետ, Ջեյմսթաուն հիմնադրամի խորհրդի անդամ Մեթյու Բրայզան, ում կինը, ի դեպ թրքուհի է, հանդես է եկել հերթական հակահայ հայտարարությամբ՝ ակամա լույս սփռելով Սփյուռքի ջախջախմանն ու Հայաստանի հետ ունեցած կապերի խզմանը նպաստող ՔՊ-ական իշխանության քաղաքականության վրա: Մասնավորապես՝ Բրայզան կարծիք է հայտնել, որ խաղաղության պայմանագրի կնքման հիմնական խնդիրը Հայաստանի ընդդիմությունն և Սփյուռքի հակազդեցությունն է։ 
Նրա կարծիքով՝ եթե վարչապետ Փաշինյանը կարողանա կոտրել այս ուժերի դիմադրությունը, ապա Հայաստանը շահած դուրս կգա. կլինենք ավելի հարուստ, ապահով, լուսավոր ապագայով մի ժողովուրդ։
Բրայզան, որ վաղուց դարձել է թուրքական լոբբիի հավատարիմ քարոզիչներից մեկը՝ առաջ տանելով թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, խայտառակ հայտարարությամբ է հանդես եկել: Նա ողջունել է այն, ինչ որ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը փորձում է անել վերջին 5 տարում՝ քայքայելով, մասնավորապես, ՀՀ-Սփյուռք հարաբերոթյունները, տրոհելով Սփյուռքը, թրքանպաստ օրակարգ պարտադրելով և այլն: Ավելին՝ Բրայզայի խոսքերն ունեն նաև բացահայտողական նշանակություն, քանի որ պարզ է դառնում, թե ում շահերն է սպասարկում իր քաղաքականությամբ ՔՊ-ական իշխանությունը՝ բացի թուրքերից:
Պարզ է, թե Բրայզայի ինչին է պետք հայ-ադրբեջանական հիպոթետիկ խաղաղությունը. հույս ունեն, որ դրա արդյունքում տարածաշրջանում կչեզոքացվի ռուսական ազդեցությունը, կմեծանա թուրքականը, ինչը ձեռնտու կլինի արևմտյան որոշ շրջանակների: Բայց հարց է ծագում՝ ո՞րն է լինելու այս ամենի գինը, որ, փաստոեն, ստիպված է լինելու վճարել հայ ժողովուրդը:
Ի՞նչ է Հայաստանն առանց Սփյուռքի կամ ի՞նչ է Սփյուռքն առանց հայկական պահանջների, Հայկական հարցի ու Հայ դատի, այն նպատակների, որոնք հայերիս քաղաքական ազգ, գործոն են դարձնում:
Ցավոք սրտի, Հայաստանում կոլաբորիցիոնիստների իշխանություն է այսօր, որոնք պատրաստ են կատարել ցանկացած հրահանգ՝ միայն թե կարողանան պահպանել իրենց իշխանությունը: Այն, ինչ կատարվում է այսօր կոնկրետ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, միայն Փաշինյանի հայատյացության հետևանք չէ, քանի որ եթե միայն ՔՊ-ի կապրիզի խնդիր լիներ, ապա նույն ընդդիմությունը վաղուց էր լուծել իշխանությունների հարցերը:
Այս իրավիճակում մնում է ապավինել Սփյուռքի դիմադրողականությանն ու ազգային արժեքներին ու նպատակներին նրա հավատարմությանը մինչև գան լավ ժամանակներ:
Այս նյութը դիտել են - 791 անգամ