Ինչպես ասում են, եթե ուզում ես թաղել գործը, ապա հանձնաժողով ստեղծիր2023-05-02 12:38:00
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում հայտարարել է հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու մասին՝ միաժամանակ խոստանալով, որ այլևս երկարաձգման կարիք չի լինի:
Ֆորմալ առումով հայտարավում է, որ հանձաժողովի աշխատանքների երկարաձգման պատճառը հանձնաժողովի ձեռքի տակ եղած հսկայածավալ նյութերն են՝ պատերազմի մանրամասներին ու անցքերին վերաբերող, որոնց ուսումնասիրման համար օբյեկտիվորեն անհրաժեշտ կլինի երկար ժամանակ: Հազարավոր փաստաթղթերի մասին է խոսք գնում, ինչպես նաև խոսվում է մի շարք ներկա ու նախկին պաշտոնյաների, զինվորականների հարցաքննության անհրաժեշտության մասին, որ իբր պետք է լույս սփռի պատերազմի չպարզաբանված հանգամանքների վրա:
Սակայն արդյոք սկզբունքորեն իշխանություններն ունե՞ն հանձնաժողովի գործունեության կարիքը, թե՞ սա ընդամենը քաղաքական նպատակներով ստեղծված մարմին է, որի բուն նպատակը պատերազմում արձանագրված պարտության իրական պատճառների կոծկումն է:
Բանն այն է, որ պատերազմի ավարտից ի վեր Հայաստանում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ արձանագրված պարտությունն իրականում ծածուկ դավաճանության հետևանք է: Ավելին՝ պնդում են, որ այդ դավաճանությունն իրականում տեղի է ունեցել իշխանական բուրգի ամենավերևում ու հետո միայն տարածվել բանակի վրա՝ վերևից իջեցված ծածուկ հրահանգի տեսքով: Բազմաթիվ են վկայություններն այն մասին, թե ինչպես են զինվորների մեջ լուրեր տարածել, որ պայքարելն անիմաստ է, քանի որ հողերն արդեն տրված են և այլն:
Ըստ այդմ՝ հանձնաժողովն իբր նպատակ ունի՝ զննելու ու ուսումնասիրելու այն դավաճանական շղթան, որ գործել է պատերազմի օրերին: Բայց չգիտես՝ ինչու, նույն Անդրանիկ Քոչարյանը բազմիցս է ապրիորի պնդել, որ դավաճանությունն իրականում տեղի է ունեցել ներքևի օղակներում, մինչդեռ վերևներում դրա մասին իբր տեղյակ չեն եղել:
Այս պնդումները, իհարկե, անհամոզիչ են թվում ու հանգեցնում են այն եզրահանգման, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի բուն նպատակը ոչ թե իրականությունը ջրի երես դուրս բերելն է, այլ այն հնարավորինս խորը թաղելը:
Հետևաբար՝ մեծ է հավանականությունը, որ դրա գործունեության վերջում, որի վերջը չի երևում, կհայտարարվի մի այնպիսի վերդիկտ, որն առնվազը քաղաքականապես ձեռնտու կլինի իշխանություններին ու չի սասանի ՔՊ-ական իշխանության դիրքերը՝ անկախ ճշմարտությունից, անկախ նրանից, թե ով է իրականում կանգնած «5-րդ շարասյան» գլխին:
Ինչպես ասում են, եթե ուզում ես թաղել գործը, ապա հանձնաժողով ստեղծիր:
Այս նյութը դիտել են - 899 անգամ