Բաց նամակ ՀՀ Երկրորդ Նախագահ, «Հայաստան» Դաշինքի Ղեկավար Հարգարժան Պրն. Ռոբերտ Քոչարյանին
2023-05-04 23:18:00
Բաց նամակ
ՀՀ Երկրորդ Նախագահ, «Հայաստան» Դաշինքի Ղեկավար
Հարգարժան Պրն. Ռոբերտ Քոչարյանին
Այս նամակով Ձեզ դիմելու անհրաժեշտություն չէր լինի, եթե իրավիճակն այսքան ծանր ու անհուսալի չլիներ:
Այս նամակով Ձեզ դիմելու անհրաժեշտություն չէր լինի եթե կայծակնային արագությամբ մոտենալիս չլինեինք Արցախի Հանրապետության կորստյան անշրջելի կետին: Պետականություն, որի կերտման գործում Դուք նույնպես Ձեր գլխավոր ու անհերքելի դերակատարությունն եք ունեցել:
Այս նամակով Ձեզ դիմելու անհրաժեշտություն չէր լինի, եթե 2021 թվականի հունիսի 20-ին անավարտ մնացած գործն այսօր ավարտին հասած լիներ:
Այս նամակով Ձեզ դիմելու անհրաժեշտություն չէր լինի, եթե անցնող շուրջ երկու տարվա ընթացքում այդ անավարտ գործն ավարտին հասցնելու համար Ձեզ փոխարինող ուրիշ քաղաքական գործիչ, իսկ Ձեր գլխավորած քաղաքական ուժի համար այլընտրանքային ուժ ի հայտ եկած լիներ:
Անցնող երկու տարվա փորձը, մասնավորապես վերջին վեց ամսվա ընթացքում ազատ թողնված հրապարակն ու ամբիոնը հուշում են միայն մեկ իրողության մասին, որ այս պահին Հայաստանի ներքաղաքական դաշտում չկա ու տեսանելի ապագայում չի էլ լինելու քաղաքական նոր դեմք կամ ուժ որը կկարողանա իր շուրջը համախմբել արկածախնդիր, անհայրենիք դավաճանների հույսին թողնված ժողովրդին:
2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները սակայն հուշում են այն մասին, որ եթե դեռ կա ինչ-որ անձի կամ քաղաքական ուժի շուրջ համախմբման հնարավորություն, դա Ձեր գլխավորած «Հայաստան» դաշինքը և անձնապես Դուք եք, ում վստահեց ու հաստատ դեռ վստահում է ավելի քան 270 հազար քաղաքացի:
Վերջին ամիսների Ձեր լռությունը, շարունակաբար ավելի ամփոփ ու սեղմ դարձող ուղերձները անձամբ ինձ համար հասկանալի են:
Դուք իրավունք ունեք հիասթափվել այն երախտամոռներից ովքեր ջայլամի պես գլուխները ձյունի մեջ խոթած չտեսնելու են տալիս կամ ուրանում են Ձեր նախագահության շրջանի ձեռքբերումները: Մոռանում են, թե մինչև 1998 թվականն ինչ պայմաններում էին ապրում ու իրենց կյանքում ինչ փոխվեց Ձեր նախագահության 10 տարիների ընթացքում:
Դուք իրավունք ունեք նաև վշտանալ նախկին այն գործընկերներից ու զինակիցներից, նաև ընկեր ձևացողներից, ովքեր Ձեզ հեղինակազրկելու, վարկաբեկելու, Ձեր հավանական վերադարձը կանխելու համար թաքուն ու բացահայտ ոչ մի ջանք չխնայեցին ու այսօր էլ չեն խնայում:
Բայց հիշեք Պրն. Նախագահ, որ նրանց արժանի պատասխան տվեց հենց ինքը՝ ժողովուրդը, Հայաստանի գիտակից քաղաքացին, ով 2021 թվականի հունիսին մեծ խանդավառությամբ ու հույսով մասնակցեց Ձեր քարոզարշավին ու իր ձայնը տվեց Ձեզ: Հունիսյան ընտրությունների արդյունքներն անկասկած անակնկալ էին ոչ միայն իշխանությունների, այլ նաև այսօրվա ընդդիմության մի հատվածի համար որոնք մի վայրկյանում փոշիացած տեսան շուրջ մեկ ու կես տասնամյակ Ձեզ վարկաբեկելու համար կատարված ֆինանսական ու քարոզչական ներդրումները, իսկ անցնող երկու տարվա ընթացքում էլ արել են ամեն ինչ, որպեսզի կիսատ մնացած գործը Ձեր միջոցով ավարտին չհասնի, նույնիսկ եթե դրա գինը լինի դավաճանների իշխանության երկարաձգումն ու Արցախի, չի բացառվում նաև Հայաստանի պետականության կորուստը:
Պրն. Նախագահ,
Կարծում եմ Դուք էլ կհաստատեք, որ ժողովրդին ոտքի հանելու, Արցախը վերջնական կորստից փրկելու համար մնում է մեկ շանս: Իսկ այդ շանսը կմնա միայն «շանս» ու կկորցնի արժեքը, եթե ճիշտ պահին ու ժամանակին չօգտագործվի: Օրհասական այս պահին այդ մեկ շանսն արդյունքի հասցնելու միակ հնարավորությունը Ձեր ակտիվացումն ու հրապարակում ներկայությունն է: Դա ունի իր տրամաբանական հիմնավորումը:
2021 թվականի հունիսյան ընտրությունների ժամանակ հասարակության մեջ ստեղծված աներևակայելի մեծ ոգևորության կարևոր պատճառներից մեկը Ձեր ներկայությունն ու քաղաքական գործընթացին՝ մրցապայքարին, Ձեր ուղղակի մասնակցությունն էր:
Այսօր մենք կրկին կանգնած ենք նոր ընտրության դիմաց: Ընտրություն որի արդյունքները այս անգամ որոշվելու են ոչ թե քվեակենտրոններում ժողովրդի տված ձայներով, այլ հրապարակում նրանց ներկայությամբ: Իսկ մինչ հրապարակին հասնելը պիտի հանդիպել, շփվել ու խոսել ժողովրդի հետ: Ձեր գլխավորած «Հայաստան» դաշինքը մարզային հանդիպումներ է սկսել: Այդ այցերն ու հանդիպումները առավել արդյունավետ կլինեն եթե դրանց ընթացքում, ինչպես 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, զգալի լինի Ձեր ներկայությունը, Ձեր համախմբման ու պայքարի կոչը: Այսօր հասարակությունը, չեմ բացառում նաև մեր դաշնակիցներն ու նաև միջազգային հանրությունը որպես ընդդիմության գլխավոր առաջնորդ կարիք ունի լսելու ստեղծված իրավիճակի, նաև դա հաղթահարելու կապակցությամբ Ձեր գնահատականը:
Պրն. Նախագահ,
2021 թվականին առանց կաշկանդումի ու հստակ հայտարարեցիք որ Ձեր դաշինքի հետ միասին գալիս եք իշխանությունը վերցնելու և ժողովրդի մի խոշոր հատված վստահեց Ձեզ ու կանգնեց Ձեր թիկունքին: Մի կասկածեք, որ այսօր էլ ունեք նույն աջակցությունը: Միայն մնում է կրկին անկեղծությամբ ու առանց կաշկանդումի հայտարարել, որ այ՛ո, գալիս եք իշխանությունը վերցնելու, իսկ դրան հասնելու համար Ձեր շուրջը համախմբում է պետք: Ժողովուրդը լավապես գիտակցում է, որ առանց իշխանության հնարավոր չէ փրկել երկիրը, հետևաբար այս պայքարը ոչ միայն Հայաստանն ու Արցախը փրկելու, այլ նաև իշխանությունն անհայրենիք դավաճաններից վերցնելու համար մղվող պայքար է:
Համախմբման Ձեր ուղղակի կոչն ի՞նչ կտա մեզ:
Կամ ժողովուրդը 1998 և 2003 թվականների նախագահական, նաև 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նման իր ներկայությամբ կրկին կվստահի Ձեզ ու իրականություն կդառնա սպասված համախմբումը: Այդ դեպքում Դուք կրկին կարող եք հպարտանալ նրանով, որ ոչ միայն այս անգամ էլ գործը կիսատ չթողեցիք, այլ քառորդ դար անց կործանման եզրին կանգնած Պետականությունը կրկին ոտքի կանգեցրիք՝ նրան վերադարձնելով իրենից խլված ու ոտնահարված արժանապատվությունը:
Կամ էլ ժողովուրդը կընտրի կամավոր ինքնասպանության ուղին: Այդ դեպքում Դուք պատմության, իսկ մենք՝ Ձեր աջակիցները, մեր խղճի դիմաց արդարացված կլինենք, որ արեցինք ամեն ինչ կիսատ գործն ավարտին հասցնելու համար ու եթե դա չստացվեց, ոչ մեր կամքով կամ անգործության արդյունքում:
Ձեր համախմբման կոչը կլռեցնի չարախոսներին, միաժամանակ կքողազերծի այն մութ ու դավաճան ձեռքերը, որոնք իրենց նախանձով ու չկամությամբ Արցախին ու մեր Պետականությանը նույնքան վնաս են պատճառել որքան դավաճան իշխանությունները, նաև մեկ անգամ ընդմիշտ կբացահայտի այն անկեղծ ընդդիմադիրներին, որոնք մի կողմ թողած անձնական շահերը պատրաստ են հանուն հայրենիքի փրկության հրապարակ իջնել ու պայքարել:
Պրն. Նախագահ,
Հայաստանում ու Սփյուռքում շուրջ հինգ տարի շարունակ իշխանության (ու ոչ միայն իշխանության) ֆեյքերի ամենավերջին հայհոյանքներն ու վիրավորանքները հանդուրժելով ավերապահորեն Ձեր թիկունքին կանգանած Ձեր աջակիցներին դուք մի փոքրիկ, սակայն կարևոր պարտք ունեք հատուցելու: Ավարտին հասցնել սկսված գործը, ինչը մեզ հնարավորություն կտա կործանումից փրկել Արցախն ու Հայաստանը, մեր Պետականությունը:
2018 թվականի օգոստոսի 30-ին, Ձեր հուշագրությունն ավարտել եք դրան նոր գլուխ ավելացնելու խոստումով: Այսօր դա կատարելու, նաև մեր պատմության նոր էջը նոր տողից ու մեծատառով սկսելու ժամանակն է: Ձեր փորձն ու ղեկավարի տեսակը ոչ մի կասկած չի թողնում, որ Դուք դա կարող եք անել ու այդ ճամբին Ձեր ու Ձեր քաղաքական թիմի թիկունքին կանգնած ենք լինելու ՄԵՆՔ՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում Ձեզ վստահող միլիոնավոր հայերս:
Ձեր մշտական աջակից
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 1011 անգամ