Ալեն Սիմոնյանը կարող է հանգիստ թքել. շեֆը տեր ա2023-05-08 11:52:00
«Ազատությանը» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բավական ինքնատիպ կերպով է մեկնաբանել Ալեն Սիմնոյանի՝ քաղաքացու վրա թքելու փաստը՝ մի կողմից մեղմորեն հասկացնելով, որ չի ողջունում Սիմոնյանի նման պահվածքը, մյուս կողմից՝ անթաքույց կերպով արդարացրել է նրան՝ Ալենի «աստված» չլինելու հիմքով: «Իհարկե, սխալ է տեղի ունեցել, բայց այդ սխալը տեղի է ունեցել ոչ թե նրա համար, որ այդ սխալի հեղինակը Հանրապետության 2-րդ պաշտոնյան է։ Տեղի է ունեցել նրա համար, որ այդ 2-րդ պաշտոնյան մարդ է։ Ա՛յ դրա համար է տեղի ունեցել սխալը։ Ա՛յ եթե ինքը լիներ աստված, այդ սխալը թույլ չէր տա իրան»,- նման տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել երկրի ղեկավարը:
Հետևելով Նիկոլ Փաշինյանի վարքագծին ու մերթ ընդ մերթ արվող հայտարարություններին՝ շատ հաճախ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ գործ ունենք ինչ-որ ծածուկ աղանդի հետևորդի հետ, որ ժամանակ առ ժամանակ պոռթկում է ու հանրությանն ի ցույց դնում իր ով լինելն ու տարօրինակ դավանաբանական թեզերը, որոնք, ինչպես հասկանալի է, դույզն ինչ աղերս չունեն քրիստոնեության հետ:
Ի՞նչ է ուզում ասել Նիկոլ Փաշինյանը, մի՞թե փորձում է համոզել, որ ասենք Էմանուել Մակրոնը սովորական մահկանացու չէ: Աշխարհում շատ սովորական է քաղաքական գործիչներին քննադատելը կամ նրանց հասցեին ինչ-որ բան վանկարկելը: Նույնիսկ հաճախ բանը հասնում է հավկիթներին, բայց ոչ մի նորմալ գործիչ իրեն անպատվող քաղաքացու վրա չի թքում, վրան ձու չի նետում, չի հայհոյում: Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է, ապա ինչպե՞ս է իրեն թույլ տալիս արդարացնել Ալեն Սիմոնյանին՝ փոխարենը նրան պաշտոնանկ անելու կոնկրետ պրոցես սկսելու ՝ հատկապես նկատի ունենալով նույն ՀԱԿ-ի շահագրգռվածությունը:
Երևի Սիմոնյանը Նիկոլին երդվել-պատռտվել է, որ պատրաստ է ցմահ հլու կերպով նրան հնազանդվել՝ ոչ մի ամբիցիա չդրսևորելով ու սեփական հասակից վեր չթռչելով՝ պայմանով, որ ՀԱԿ-ի պահանջները կմնան չբավարարված, և ինքն էլ կշարունակի պաշտոնավարել: Փաշինյանն էլ, հարմար համարելով այդ առաջարկը, լծվել է Ալենին արդարացնելու գործին՝ ծիծաղելի իրավիճակում հայտնվելով:
Այս նյութը դիտել են - 963 անգամ