Ձեռքիս տաղանդավոր արձակագիր Լևոն Ադյանի «Հեռացող եզերքն» է, հայացքս` նրա կյանքից անժամանակ հեռացած երկու որդիների նկարներին: Աստծուն ուղղված նրա աղաչական խոսքերը հոգումս, ցավի կսկիծով` այս օրերին առաջին անգամ նրա գիրքը ինձ հետ մտավ տարբեր դասարաններ, ու ես մոռացա, որ ծրագրային իմ դասաժամերն ինչ-որ տեղ իրենց տեղը զիջեցին այս գրքի չափազանց ցավոտ էջերին, որ իրական էր և ոչ հորինված, իրական մի պատմություն, սիրավեպ մի զույգի:
Մի նոր եղեռն է եղել հայերի, իր էջերում այդ գիրքն է պատմում, այնտեղ ընդհատված երազանքներ կան, սոսկալի տառապանք կա հայերի, արյունոտ հունվար-փետրվար կա այնտեղ, իրական մի տխուր պատմություն… Եվ ահա կամաց, շատ կամաց էջերն եմ թերթում այդ գրքի: Հեռավոր եզերքից հանկարծ ճիչեր են հասնում մեզ` ահավոր մղձավանջ, մի նոր սարսափ ահարկու…
Ու նորից ցավատանջ նայում եմ լուսանկարներին… Եվ հանկարծ մեկի ձայնն եմ լսում. «Պետք չէ…», որ կարծես սաստում է ինձ, բայց նորից շարունակում եմ պատմել, ու հանկարծ նորից մի քանի ձայներ. «Պե՛տք չէ, պե՛տք չէ, տիկի՛ն Պողոսյան...»: Ես լռում եմ մի պահ, իմ դիմաց նստած աղջիկներն են խուլ հառաչում, արցունքներն են սրբում աչքերից, տղաները գլուխները ցած` թվում է շունչ չկա կողքիս:
Այս անգամ փակում եմ գիրքը, որտեղ տառապանք կա մեծ, կորսված մի գեղեցիկ սեր, անհույս երազներ, հեռացած մի տխուր եզերք: Նորից եմ նայում տառապած սրտի գեղատեսք որդիների լուսե նկարներին…Հոգիս ճչում է ցավից. ավերված սիրո տուն կա այնտեղ, հոգու կսկիծ կա ցավոտ, արցունքոտ հիշողություն, որ հուշարձան են դարձել...
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Այս նյութը դիտել են - 2122 անգամ